Ոստիկանները մարդկանց տեսախցիկների առաջ ծեծում են, հետո սուտ ցուցմունք են տալիս՝ իբրեւ իրենց հարվածել են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։
«Մարդկանց տեսախցիկների առաջ ուղղակի ծեծում են, խոսքը միայն ինձ չի վերաբերում, նախորդ տարի էլ ունեցանք նման դեպքեր, եւ հետո ոստիկաններին բերում են ու սուտ ցուցմունք են տալիս՝ իբրեւ իրենց հարվածել են․ ցուցմունքները բացարձակ սուտ են, հետո մեղադրանքներ են առաջադրվում, Քննչական կոմիտեն էլ իր գործն է անում, տանում է դատարան, դե դատարանն էլ, բնականաբար, կալանավորում է, եզակի դեպքերում երբ դատարանն ունենում է խիզախություն, դա չի լինում, հետո գործը որոշ ժամանակ անց կարճվում է»,- նշեց Լեւոն Քոչարյանը։
Պատգամավորն անդրադառնալով իր վերաբերյալ քրեական վարույթին, ընդգծեց, որ ոստիկանների կողմից մարդկանց տեսախցիկների առաջ ծեծելն իրավական հետեւանք չի ունենում․ «Բացվում են վարույթներ, բայց պատժվողներ չկան։ Ես հասկանում եմ, որ այդ ոստիկանները առանց վերադասի հրահանգի չեն գալիս ու սուտ ցուցմունք տալիս։ Այդ մարդկանց էլ եք շատ վատ վիճակում դնում, բոլորն էլ հետագայում պատասխանատվություն են կրելու»։
Վահե Ղազարյանն արձագանքելով Լեւոն Քոչարյանին, պնդեց, թե ոստիկանները երբեւիցե չեն գործել այնքան գրագետ, որքան՝ հիմա․ «Երկար տարիներ ոստիկանությունում աշխատել եմ եւ այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ՝ երբեւիցե նման գրագետ ձեւով, նման համբերատար չի ծառայել ոստիկանությունը, ինչպես հիմա է ծառայում։ Ինչը վերաբերում է ձեր դեպքին․ դուք լավ տեղյակ եք՝ կա քրեական վարույթ, կա ծառայողական քննություն։ Ծառայողական քննությունը կասեցված է մինչեւ քրեական վարույթի ավարտը։ Ոստիկանությունը աշխատել է 24-ժամյա ռեժիմով ու ունենք այս պատկերը Հայաստանում։ Թույլ չենք տա, որ որեւիցե մեկը փորձի այս երկրում անել այն արարքը, որը եղել է նախկինում»։
Լեւոն Քոչարյանն արձագանքելով ՆԳ նախարարին հորդորեց՝ ադրադառնալ բուն խնդրին եւ նորից չանդրադառնալ նախկիններին․ «Փորձեք օրիգինալ լինել։ Ես խոսում եմ վերջին մի քանի տարիների մասին, ինչին ես ականատես եմ եղել, ինքս իմ վրա եմ զգացել, ոնց է ոստիկանը ծեծում, հայհոյում, ընկած մարդուն քացով խփում, աչափահասներին խեղդում, աղջիկներին քաշքշելով տանում։ Կա քրեական գործ, 2 ոստիկանի ցուցմունքի հիման վրա ես այսքան ժամանակ անցկացրել եմ կալանքի տակ ու դեռ շատ երկար կանցկացնեի, եթե այս ամենը չլիներ, ուղղակի ամոթ է»։
Վահե Ղազարյանն ասաց, որ կա քրեական վարույթ, սակայն հերքեց, թե վերադասը ոստիկաններին ուղղորդել է կեղծ ցուցմունքներ տալ․ «Ոստիկանությունը երբեւիցե նման պահվածք չի ունեցել, որը բոլորի աչքին տեսանելի է։ Երեւանում 2022-ից եղել են հանրահավաքներ, ակցիաներ, անկարգություններ, Երեւանում ոչ մի անգամ փշալար չի փռվել, որեւէ մեկի քթից արյուն չի եկել»։
Վահե Ղազարյանին արձագանքեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը անհնազանդության վերջին ակցիաների ընթացքում վնասվածք էր ստացել, ՆԳ նախարարն ասաց․ «Ձեր գործը իմ անմիջական հսկողության տակ է։ Ես ասում եմ՝ նախնական դա եղել է պատահականություն, դա եղել է ցուցարարների կողմից, եթե իմանայիք՝ ով է այդ լեյտենանտը, դուք հաստատ կբարձրաձայնեիք»։
Հիշեցնենք՝ Լեւոն Քոչարյանը սեպտեմբերի 22-ին Երեւանում ընդդիմության ակցիայի ժամանակ էր բերման ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրեցին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, թեեւ, ըստ տեսաձայնագրությունների, ոստիկաններն էին իրեն հարվածել: Նա ազատ է արձակվել նոյեմբերի 6-ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Նշենք, որ ԿԸՀ որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվել է հերթական հաջորդ թեկնածու Լեւոն Ռոբերտի Քոչարյանին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը ԱԺ նախագահին էր ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում։ «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուները՝ Միհրան Թոմի Մադաթյանը, Անժելա Սեդրակի Նալբանդյանը, Գերասիմ Ավետիկի Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել ԿԸՀ։ Այսպիսով, պատգամավորական մանդատը փոխանցվել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լեւոն Ռոբերտի Քոչարյանին։