ՆԳՆ-ի թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության բյուջեն պետք է կտրուկ ավելացնել. ՀՀ-ում կտրուկ ավելացել է թրաֆիքինգի զոհերի թիվը, հատկապես ՆԳՆ-ում, հատկապես ոստիկանների եւ կարմիրբերետավորների շրջանում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Հայաստանի այսօրվա ղեկավարությունը Հայաստանի ոստիկանության հարյուրավոր ծառայողների ենթարկում է աշխատանքային թրաֆիքինգի՝ ստիպելով խախտել օրենքը, ստիպելով կեղծ ցուցմունք գրել: Օրերս մեկ տարի առաջ մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիների դեմ հարուցված քրեական գործերը կարճվել են: Էդ տղերքը երկու ամիս բանտ են նստել եւ դրա պատճառը մեկ ոստիկանի ցուցմունք է եղել»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հավելեց. «էսքան միլիարդների մեջ մի քանի հարյուր հազար դրամն ի՞նչ է, որ չեք տալիս մի խելքը գլխին մարդու, որ օրինակ, Նիկոլ Փաշինյանին ասի՝ սրա հետ կարելի է հանդիպել, սրա հետ չի կարելի հանդիպել: Մի անգամ հանդիպել էր թուրք իմամի հետ:
Մի քան հարյուր հազարն ի՞նչ էր, որ չեք հատկացրել մեկին, որ ասի՝ ժողովուրդ, մենք երկիր ենք»:
Գեղամ Մանուկյանը նշեց, որ «Խաղաղության խաչմերուկի» բրոշյուրի քարտեզի վրա դեպի Իրան գնացող սլաքի վրա գրված է նեղուց. «Կառավարությունում մի խելքը գլխին մարդ չկա՞ր, որ ասեր՝ ժողովուրդ, Պարսից ծոցի նեղուցի հարցը միջազգային քաղաքական հարց է, չի կարելի այդ նեղուցը կոչել նեղուց, որովհետեւ պարսիկների համար դա սկզբունքային է»:
Կիսատ թողնելով պատգամավորի խոսքը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել Մանուկյանի խոսափողը, քանի որ ժամանակը սպառվել էր և ընդդիմադիր պատգամավորն իր ելութի ժամանակ սաստեց տեղից խոսող ՔՊ-ական պատգամավորին՝ ասելով. «Մի րոպե, սուս մնա»: