Ադրբեջանը հայկական կողմին սեպտեմբերի 11-ին փոխանցել է խաղաղության պայմանագրի 5-րդ լրամշակված տարբերակը՝ համապատասխան նշումներով և սպասում է Հայաստանի պատասխանին։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Հայկական կողմը երկու ամսից ավել է՝ ձգձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը»,- ասել է Հաջիևը։
Իր խոսքով` սա «պատմական շանս է», իսկ փաստաթուղթը ստորագրելուն խոչընդոտող հանգամանք այլևս չկա։
«Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ։ Ադրբեջանի կողմից առաջարկված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան՝ խաղաղության պայմանագրի տեքստը կարող է համաձայնեցվել ավելի արագ։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է»,- ասել է Հաջիևը։