Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Վ. Պողոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 129 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել աջ երթևեկելի գոտուց դեպի ձախ, հարվածել ճանապարհային նշանին:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Ա. Ռուբենյանը, 7-ամյա Մ. Պողոսյանը, 31-ամյա Ս. Պողոսյանն ու 10-ամյա Լ. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով վարորդն աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մարտունու պահպանության բաժանմունքում՝ որպես վաշտի ոստիկան: