SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին Երևանում՝ Հերացի փողոցում, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով դեմքի մասում թեթև մարմնական վնասվածքներ է ստացել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 17:00-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Գագիկ Սարգսյանի վարած Toyota Corolla մակնիշի և 47-ամյա Տիգրան Ազոյանի վարած Honda Fit մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չեն եղել, սակայն Toyota-ի ուղևոր Տիգրան Տեր-Մարգարյանը, ով Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է, դեմքի մասում՝ քթի և բերանի հատվածում ստացել է մարմնական վնասվածք և սկսվել է արյունահոսություն, սակայն թաղապետը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ գերադասելով բուժումը ստանալ տան պայմաններում:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Toyota Corolla-ն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Նոր Նորքի թաղապետին: