ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:
Այսպես, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ. Բ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ քննված քրեական գործով առերես հարցաքննության նպատակով նշված ՔԿՀ-ից տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ պահվել է ձերբակալված անձանց համար նախատեսված խցում: Այդ ընթացքում առանց որևէ մեկի թույլտվության խուց են մտել ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի երկու աշխատակիցներ և ստիպել ընդունել իր կողմից չկատարված, ուրիշի գույքի հափշտակության դեպքը: Նրանց պահանջը մերժելուց հետո վերջիններս հարվածել են իրեն և ծեծի ենթարկել:
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված առերևույթ հանցագործության առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով:
Կատարվում է նախաքննություն: