27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ եմ ստացել, որ գումարի չափը բավականին բարձր է և խնդրում են վերանայել։
Այս մասին հրավիրված մամուլի ասուլին հայտնեց նախագծի հեղինակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Նա ասաց, որ առաջիկայում Պաշտպանության և անվտագության մշտական հարցերի հանձնաժողովում հարցը կքնարկեն և կվերանայեն առաջարկվող գումարի չափը։
«Առաջիկայում հարցը քննարկենք և, եթե հնարավոր է, գումարի չափը կնվազի, բայց ոչ էական չափով։ Սակայն, ես հակված եմ, որ բոլորովին չծառայելու դեպքում արժեքը մնա նույնը՝ 15 մլն դրամ։ Հնարավոր է 1 ամիս ծառայեն, հետո գումարը նվազեցնենք, պետք այնպես անեք, որ խրախուսենք, որպեսզի գոնե մեկ ամիս ծառայեն»,- կարևորեց Սարգսյանը։
Ներկայացնելով նախագիծը՝ հեղինակն ընդգծեց, որ գործող կարգավորումներով 27 տարին լրացած քաղաքացիները չեն կարող ծառայել բանակում։
«Նրանք ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման՝ մինչև 5 տարի ժամկետով։ Իմ ներկայացրած նախագիծը նպատակ ունի այդ քաղաքացիներին տալ հնարավորություն չդատապարտվելու, ծառայելու կամ գումար վճարելու դիմաց ազատվելու քրեական պատասխանատվությունից», — ասաց իշխանական պատգամավորը։
Ի դեպ, Հայկ Սարգսյանը նաև վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի՝ 2010 թվականին 44 հազար ժամկետային զինծառայող է եղել ՀՀ-ում, սակայն, 9 տարվա ընթացքում 44 տոկոսով նվազել է։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից։
Նախագծով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ ծառայության դիմաց։