Մեր ուղերձն Ադրբեջանին հստակ է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա մեր փոխհարաբերությունների որակի համար։ Այս մասին Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ հայտնելով, որ անդրադարձ է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը շեշտել է՝ Բրյուսելը պետք է չափազանց զգոն լինի Հայաստանի ապակայունացման ցանկացած փորձի նկատմամբ՝ թե ներքին, թե արտաքին առումով։
«Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև Եվրոպական խորհրդի նախագահի կողմից իրականացված աշխատանքի հիման վրա։ Մենք անհրաժեշտ ենք համարում խաղաղության պայմանագրի կնքումը և պատրաստակամ ենք շարունակել մեր միջնորդական ջանքեր։ Մենք որոշել ենք հրավիրել հրավիրել Հայաստանի արտաքին գործերի նախարարին՝ մասնակցելու մեր նախարարական առաջիկա նիստերից մեկին»,- նշել է Բորելը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտնել է, որ քննարկվել են «Հայաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու, ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին աջակցելու, դիմադրողականության բարձրացմանը, անվտանգության ապահովմանն ու բարեփոխումների շարունակմանն օժանդակելու հարցերը»։
«Մենք որոշել ենք ընդլայնել մեր առաքելությունը Հայաստանում՝ ընդլայնելով ծառայությունն ու պարեկների թիվը սահմանի զգայուն հատվածներում։ Մենք կուսումնասիրենք Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունն և Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակները»,- հայտնել է Բորելը։