NEWS.am-ը ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանին խնդրել է մեկնաբանել Ֆրանսիայի կողմից Հայաստան ռազմական տեխնիկայի ուղարկման մասին տեղեկություններն ու լուսանկարները, որոնք տարածվում տելեգրամյան ալիքներում։ Նշվում է, որ Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան։
«Հայաստանի և Ֆրանսիայի՝ պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից զատ՝ այս պահին որևէ լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել»,- նշեց Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք՝ Երևանն ու Փարիզը պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր են ստորագրել այս տարվա հոկտեմբերի 23-ին։ Բաց աղբյուրներով զրահատեխնիկայի մատակարարման մասին տեղեկատվությունը սկսել է շրջանառվել այս տարվա մայիս-հունիս ամիսներին։