Search
Close this search box.

«Ելք»-ի կոչը՝ Տարոն Մարգարյանին

Փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշակել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ: «Ակնհայտ է, որ այս հանձնարարականը վերջին օրերին քաղաքապետարանի շուրջ զարգացող իրադարձությունների հետևանք է, որը հետապնդում է լրագրողների օրինական գործունեությունը սահմանափակելու նպատակ»,- ասվում է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ գործող կանոնակարգումները անհամաչափորեն սահմանափակում են ավագանու անդամների աշխատանքը ԶԼՄ-ների հետ, ուստի նոր՝ էլ ավելի սահմանափակող կարգավորումները մերժելի են խմբակցության կողմից:

«Ելք»-ը նշում է, որ այս համատեքստում Երևանի համայնքի վարչական շենքերում և ենթակայության տակ գործող կազմակերպություններում ԶԼՄ-երի աշխատանքի ցանկացած կարգավորում պետք է բխի ՀՀ Սահմանադրությունից, «Տեղեկատվության ազատության մասին» և «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթներից։

«Սույնով կոչ ենք անում Տարոն Մարգարյանին ձեռնպահ մնալ Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը վնասող կանոնակարգումներից»,- ասված է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության հաղորդագրության մեջ:

Please enter a valid URL