Search
Close this search box.

Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները․ Ինչ է հայտարարել Ալիևը

Ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի շատ լավ հնարավորություններ կան։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայիի հետ հանդիպման ընթացքում: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Երկրի ղեկավարը նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում արդեն նոր իրողություններ են ի հայտ եկել: Իլհամ Ալիևն ընդգծել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները պետք է դիտարկել շուրջ 30 տարի շարունակվող օկուպացիայի և Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի համատեքստում․ առանց հաշվի առնելու այս օկուպացիայի և ագրեսիայի հետևանքները, սխալ կլինի տարածաշրջանի ապագայի հետ կապված տեսակետներ առաջ քաշել:

Ալիևի խոսքով՝ Հայաստանը ձգտում էր հավերժացնել ադրբեջանական հողերի օկուպացիան:

«Օկուպացիայի ընթացքում իրականացված միջնորդական առաքելությունները բացարձակապես անհաջող էին, օկուպացիայի և ագրեսիայի հետևանքները չվերացվեցին»,- ասել է նա։

Ըստ Ալիևի՝ Հայաստանը չի կատարել 2020 թվականի եռակողմ համաձայնագրի հայտարարությունից բխող պարտավորությունները․ «Այսպես, Հայաստանը ոչ միայն դուրս չի բերել իր զինված ուժերը Ղարաբաղի տարածքից, այլև նույնիսկ նպատակային օգտագործել է այդ տարածքը ռազմական տեխնիկայի, զինված ուժերի անձնակազմի և ականների տեղափոխման համար: Բացի այդ, Հայաստանը չի կատարել Արևելյան Զանգեզուրի և Նախիջվանի միջև հաղորդակցության ստեղծման իր պարտավորությունները»,- հավելել է նա:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ այդ հարցերն արդեն անցյալում են և ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի շատ լավ հնարավորություններ կան։
Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմից հետո հենց Ադրբեջանն է հանդես եկել խաղաղության պայմանագրի նախաձեռնությամբ և դրա հիմքը կազմող սկզբունքներով:

Երկրի ղեկավարը հայտարարել է, որ թեեւ Ադրբեջանը ներկայումս հստակ եւ թափանցիկ ծրագիր է ներկայացնում համակեցության եւ վերադարձի իրավունքի վերաբերյալ, Հայաստանը մերժում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը եւ այդ առնչությամբ որեւէ տեսակետ չի ներկայացրել:

Please enter a valid URL