Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն միացել է Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։
«Մենք պահանջել ենք ազատ արձակել Ադրբեջանի կողմից ձերբակալված 55 հայ քաղբանտարկյալներին»,- գրել է Փափազյանը։
Նա լուսանկարներ է հրապարակել օրերս Փարիզում անցկացված կոնֆերանսից, որը ևս նվիրված է եղել Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալների թեմային։ Կոնֆերանսին մասնակցել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
Հիշեցնենք` ադրբեջանցի ուժայինները առևանգել և ապօրինի կալանավորել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։