Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «2021թ․ օգոստոսի սկզբից Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղում և Բերդի համայնք Այգեպար գյուղի տարածքում հաստատվեցին ՌԴ զինծառայողների խմբեր։ Հայաստանի անկախանալուց հետո Տավուշի մարզի տարածքում ռուսական զինուժ մինչ այդ տեղակայված չի եղել, հայ-ադրբեջանական սահմանը պաշտպանել են ՀՀ ՊՆ զորամասերը։ Կառավարության առաջարկով Նոյեմբերյան համայնքի ավագանին Ոսկեպար գյուղի վարչական տարածքից 2 հեկտար հող նվիրաբերեց, Ոսկեպարի սահմանագոտում մոդուլներից ՌԴ զինուժի համար հավաքվեց-կառուցվեց զորանոց, միջպետական ավտոճանապարհի եզրին տեղադրվեց հայ-ռուսական խաչքար։ Նման զորանոց կառուցվեց նաև Բերդ համայնքի Այգեպար գյուղում, խորհրդային տարիներին գործած փոքր օդանավակայանի տարածքում: Ավելի քան երկու տարի է, ինչ ռուսական զինուժը Տավուշի մարզում, սակայն ոչ իրենք, ոչ էլ ՀՀ իշխանությունները նրանց գործառնույթների մասին ոչինչ չեն ասում։ Ենթադրվում էր, որ ռուսական զինուժը պետք է իրականացներ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծում և սահմանազատում։ Ոսկեպար գյուղի բնակիչները պարբերաբար տեսնում են, որ իրենց գյուղի տարածքոմ տեղակայված զորանոցից ռուս զինծառայողները վազում են դեպի հայկական տարածքի խորքը, դեպի Վերին Ոսկեպար։ Ոսկեպարցիները կասկածում են, որ ռուս զինծառայողների երկար վազքերը ոչ միայն առողջ կյանքի, մարզական կենսակերպի համար են, այլև կարող են հետախուզական ու այլ նպատակներ ունենալ»: