Search
Close this search box.

ԲԴԽ-ն պետք է անհապաղ քննի՝ ԶԼՄ-ի դեմ դատարանի կազմակերպած «արշավը»

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն օրերս «ավետել» էր, որ ընդդեմ ArmDay.am և ԼՈՒՐԵՐ.com լրատվական կայքերի իր ներկայացրած հայցով դատարանը «հրապարակային եղանակով կատարված արտահայտությունները գնահատել է զրպարտող»:

Նշենք, որ Երևանի առաջին ատյանի դատարանը` ի դեմս դատավոր Մուրադ Հովակիմյանի, հայցը բավարարել է մասնակի, լրատվամիջոցներին պարտավորեցրել է հրապարակայնորեն հերքել խնդրո առարկա տեղեկությունները, ինչպես նաև համապարտության կարգով Արշակյանին վճարել 500 հազար դրամ փոխհատուցում և 35 հազար դրամ՝ որպես վճարված պետական տուրք։

Նախ՝ ուշագրավ է, որ Հակոբ Արշակյանը այս վճռի մասին բարձրաձայնում է դրա ընդունումից մոտ մեկ ամիս անց (վճիռը կայացվել է սեպտեմբերի 8-ին) և ակնհայտ է, որ դա արվել է՝ պատասխանող կողմին վճիռը բողոքարկելու հնարավորությունից զրկելու անթաքույց նպատակով: Ինչպես երևում է՝ Արշակյանը այնքան էլ վստահ չէր, որ դեմ-դիմաց ընթացող դատական «դուելի» ընթացքում կարող է հաղթել այս գործը: Երկրորդ՝ պատասխանողների ներկայացուցիչները չեն մասնակցել դատական քննությանը, այն պարզ պատճառով, որ լրատվամիջոցները նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենց դեմ հայց է ներկայացվել դատարան, հետևաբար, նրանք զրկված են եղել իրենց պաշտպանելու սահմանադրական իրավունքից:

Վճիռը այնքան աղաղակող էր իր ապօրինությամբ, որ այս կապակցությամբ անկախ եզրակացություն էր հրապարակել Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ մասնավորաբար նշելով, որ կայացված դատական ակտով տեղի է ունեցել պատասխանող լրատվամիջոցների արտահայտվելու ազատության անօրինական միջամտություն, որով խախտվել է նրանց՝ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքը։

Թեև հայցը ներկայացվել է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ կետի հիմքով՝ հայցային վաղեմության առաջին ժամկետի պահպանմամբ (վիճահարույց հրապարակման պահից վեց ամսվա ընթացքում), դատական ակտում անդրադարձ չի կատարվել, թե արդյոք պահպանվել է նույն նորմով սահմանված վաղեմության երկրորդ ժամկետը (զրպարտության մասին իմանալուց հետո մեկ ամսվա ընթացքում)։ Բացի այդ, պետք է նշել, որ խնդրո առարկա հրապարակումը հանրային հետաքրքրություն ներկայացնող գործընթացների մասին է, որոնց վերաբերյալ հասարակությունը տեղեկացված լինելու իրավունք ունի։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ լրատվամիջոցները օգտվում են ազատ խոսքի իրավական պաշտպանության լայն շրջանակից, որն անհրաժեշտ է, որ ապահովվի տեղեկությունների ու գաղափարների ազատ ու անկաշկանդ հոսքը լրատվամիջոցներից դեպի հասարակություն։

Ակնհայտ է, որ դատարանի նման որոշումը իրավաչափ չէ ու չի համապատասխանում ազատ խոսքի պաշտպանության ժամանակակից պահանջներին։ Հետևաբար, հարց է առաջանում, թե ուր է նայում ԲԴԽ-ն: Կառույցի ղեկավար Կարեն Անդրեասյանը հաճախ է շեշտադրում այն հանգամանքը, որ դատական համակարգում լրջագույն փոփոխություններ են կատարվում, որոնք միտված են համակարգի արդյունավետության բարձրացմանը: Սակայն, դատարանի և դատավորի կողմից ակնհայտ ապօրինի վարքագիծը, հավուր պատշաճի պատասխանող կողմին չծանուցելն ու նրանց՝ պաշտպանվելու և իրենց փաստարկները դատարանում ներկայացնելու հնարավորությունից զրկելը որևէ կերպ չեն տեղավորվում դատական համակարգի բարեփոխման կոնցեպցիայի մեջ:

Արտահայտվելու կամ մտքի, խոսքի ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակության էական հիմնասյուներից է, առանց որի դժվար է պատկերացնել քաղաքացիական հասարակության ցանկացած ինքնադրսևորում: Տվյալ դեպքում, ինչպես նշեցինք, դատարանի կողմից կատարված քայլերը ապօրինի են և լրատվամիջոցների դեմ ուղղված այս որոշումը անհապաղ պետք է դառնա ԲԴԽ ուսումնասիրության առարկան:

Ըստ այդմ, հրավիրում ենք կառույցի և անձամբ Կարեն Անդրեասյանի ուշադրությունը խնդրո առարկա հարցի վերաբերյալ և ակնկալում ԲԴԽ նախագահի աջակցությունը, քանզի ինքն էլ բազմիցս նշել է դատական համակարգի հեղինակության բարձրացման անհրաժեշտության մասին, մինչդեռ նման քայլերը լրջագույն կերպով հարվածում են այդ հեղինակությանը:

Միայն այդ դեպքում հնարավոր կլինի փաստել, որ դատական համակարգը իրապես թևակոխել է ժողովրդավական բարեփոխումների փուլ:

Please enter a valid URL