Search
Close this search box.

Գազայի ամենամեծ հիվանդանոցն այլևս չի կարող գործել որպես հիվանդանոց

Գազայի հատվածի Ալ-Շիֆա հիվանդանոցի բոլոր վիրահատարանները փակ են էլեկտրականության բացակայության պատճառով, Al-Araby հեռուստաընկերությանը հայտնել է բժշկական կենտրոնի տնօրեն, բժիշկ Մուհամմադ Աբու Սալմիան։

«Վիրահատարանները լիովին անսարք են, և այժմ մենք կարող ենք միայն առաջին օգնություն ցուցաբերել վիրավորներին», — ասել է բժիշկ Մուհամմադ Աբու Սալմիան: «Նա, ով վիրահատության կարիք ունի, մահանում է, և մենք ոչինչ չենք կարող նրա համար անել»:

Մուհամմադ Աբու Սալմիան նշել է, որ անձնակազմը փորձում էր հիվանդանոցում կենդանի պահել վաղաժամ ծնված երեխաներին այն բանից հետո, երբ թթվածինը վերջացել է, և նրանք ստիպված են եղել տեղափոխել երեխաներին նորածնային բաժանմունքի ինկուբատորներից: «Մենք երեխաներին փաթաթում ենք փայլաթիթեղի մեջ և տաք ջուր ենք լցնում կողքին, որպեսզի կարողանանք տաքացնել», — ասել է Աբու Սալմիան: Բժիշկը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում մի քանի երեխա է մահացել։

Գազայի ամենամեծ հիվանդանոցի մոտ ուժեղ մարտերը այն աղետալի վիճակում են թողել, քանի որ հիվանդներն ու անձնակազմը արգելափակված են ներսում, շտապօգնության մեքենաները չեն կարողանում վերցնել վիրավորներին, իսկ կենսապահովման համակարգերը չեն աշխատում առանց էլեկտրականության, ասում են առողջապահական պաշտոնյաները և օգնություն ցուցաբերող գործակալությունները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Ալ Շիֆան երեք օր է՝ հոսանքազրկված է:

«Անցել է երեք օր առանց էլեկտրականության, առանց ջրի և շատ վատ ինտերնետի, ինչը լրջորեն ազդել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու մեր կարողության վրա», — գրել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը X սոցիալական ցանցում: «Ցավոք, հիվանդանոցն այլևս չի գործում որպես հիվանդանոց»,- ասել է նա։

Իսրայելական զինվորականները հայտնել են, որ կիրակի օրը 300 լիտր վառելիք են մատակարարել «Ալ-Շիֆա» հիվանդանոցային համալիրի մուտքի մոտ, սակայն ՀԱՄԱՍ-ը արգելափակել է հիվանդանոցին վառելիք ստանալը:

Աբու Սալմիան Al-Araby-ին ասել է, որ իսրայելցի պաշտոնյաներն իրականում զանգահարել են իրեն և առաջարկել վառելանյութ, որն, ըստ նրա, էներգիա կապահովի գեներատորները ընդամենը երեսուն րոպեով աշխատեցնելու համար, սակայն անձնակազմը չափազանց վախեցած է գնալ այն վերցնելու համար:

Please enter a valid URL