ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի գրավոր հայտարարության համաձայն՝ Ջո Բայդենը երեկ հրամայել է ավիահարվածներ հասցնել Սիրիայի արևելքում իրանամետ խմբավորումներին։ Առնվազն վեց մարդ է զոհվել, հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային:
«Այսօր ԱՄՆ ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցրել Սիրիայի արևելքում գտնվող թիրախներին, որոնք օգտագործվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և հարակից խմբերի կողմից՝ ի պատասխան Իրաքում և Սիրիայում ամերիկյան զորքերի վրա շարունակվող հարձակումներին», — ասել է Պենտագոնի ղեկավարը:
«Նախագահը ավելի բարձր առաջնահերթություն չունի, քան ամերիկացի զինծառայողների անվտանգությունը, և նա հրամայել է այսօրվա գործողություններով հստակ ուղերձ հղել, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի իրեն, իր զինծառայողներին և իր շահերը», — հավելել է Օսթինը:
Նրա խոսքով, «հարվածները հասցվել են իրանամետ խմբավորման անդամների ուսումնական կենտրոնին և ապաստանին»։