«Մայր Հայաստան» դաշինքը դատական հայցով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման հարցը։ Այդ մասին գրառում է կատարել դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը։
«Բանն այն է, որ նա ապօրինաբար է ստանձնել քաղաքապետի լիազորությունները, քանզի Երևանի ավագանու կանոնադրության համաձայն՝ քաղաքապետի երդմնակալության արարողությունը Ավագանու հատուկ նիստ է, որը իրավազոր է համարվում, երբ ներկա է Ավագանու ընդհանուրի՝ 65–ի կեսից ավելին, այսինքն՝ առնվազն 33 անդամ։ Հոկտեմբերի 13–ին, երբ Ավինյանը և ՔՊԿ–ական պաշտոնավորները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հարկատուների հաշվին թանկարժեք միջոցառում էին կազմակերպել, քվորում չկար։ Հետևաբար՝ երդման արարողությունը և քաղաքապետի լիազորությունների ստանձնումը հակաօրինական էր։
Մենք պահանջում ենք դատարանից պարտավորեցնել Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության հատուկ նիստն անցկացնել օրենքով սահմանված կարգով, հակառակ պարագայում՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնողի բոլոր որոշումները կլինեն խոցելի և օրենքից դուրս։
ՔՊԿ–ական իշխանության կողմից ապօրինությունները նորություն չեն, բայց դա չի նշանակում, որ ամեն մի ապօրինության հետևից չպետք է գնալ և չպետք է հակաօրինական քայլերի դեմն առնել։
Դատարանն էլ իր հերթին պարտավոր է առաջնորդվել օրենքով։ Այդպես կլինի՞, թե՞ ոչ, ցույց կտա դատական գործընթացը»,-նշել է նա։