Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը տպավորված է սամբոյի աշխարհի առաջնության բացման արարողությամբ։ Նա այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ընդունելության ժամանակ` շեշտելով, որ մրցումներն ընթանում են բարձր մակարդակով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետը նշել է, որ սամբո մարզաձևը Հայաստանում ունի մեծ մասսայականություն և կառավարությունը շահագրգիռ է մարզաձևի հետևողական զարգացմամբ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ աշխարհի առաջնությունը կանցնի լավագույնս և նոր ազդակ կհաղորդի մարզաձևի հետագա զարգացմանը», ասվում է հաղորդագրության մեջ։
Վասիլի Շեստակովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ աֆրիկյան և ասիական մի խումբ երկրների մարզիկների հյուրընկալության ծախսերը հոգալու համար:
Հավելենք, որ Փաշինյանի ու Շեստակովի հանդիպանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Հիշեցնենք` սամբոյի աշխահի առաջնությունը Երևանում մեկնարկել է նոյեմբերի 10–ին և կեզրափակվի նոյեմբերի 12–ին։ Այսօր ավելի վաղ Շեստակովին ընդունել էին նաև ՀՀ ԿԳՄՍՆ–ում։