Կոտայքի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Shamshyan-ի փոխանցմամբ ՀՀ ՊՆ փոխգնդապետը Chevrolet Niva-ով մոտ 250 մետր բախվել է քարերին, այնուհետև հարվածել քարե պարսպին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում։
Ավտովթարը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 10-ին Կոտայքի մարզում․ ժամը 22:40-ի սահմաններում Աբովյան-Արտաշատի խճուղում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ Երևանի բնակիչ՝ 48-ամյա Վահան Թ.-ն, իր վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մոտ 250 մետր բախվել քարերին, առաջ ընթացել, այնուհետև բախվել բնակչի քարե պարսպին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող հողամասում:
Ինչպես հայտնում է կայքը, վթարի հետևանքով Վահան Թ.-ն և նրա ուղևոր, Երևանի բնակիչ 33-ամյա Նելլի Մ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու կատարել հովացման աշխատանքներ: Ավտոմեքենայից սկսվել է նաև դիզվառելիքի արտահոսք: Նշվում է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է հրացան և փամփուշտներ:
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Նելլի Մ.-ն, գիտակցության չգալով, մահացել է:
Սկզբնաղբյուր կայքի տեղեկություններով՝ վարորդն ու մահացածը ամուսիններ են, իսկ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորմասում, կոչումով՝ փոխգնդապետ է: