Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հայաստան-Եվրոպա» համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Բացվել են նոր հնարավորություններ, որոնք տարբեր տեսակի են: Երեւի անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արեւմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել: Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիքներ ունենք, որ եւ հավաքական Եվրոպայի, եւ անհատական երկրների հետ մենք կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը: Ընդ որում, դրա տակ ես միայն նկատի չունեմ ռազմականը:
Նույնիսկ կարող եմ ասել, որ մեր տնտեսական համագործակցությունը կարող է իր ենթատեքստում ունենալ անվտանգության բաղադրիչ եւ ամրապնդել ՀՀ անվտանգությունը: Հայաստանը պատրաստ է սրան»,-ասաց նա:
Անդրադառնալով Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթին՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ դրա հիմնական մեսիջներից մեկն այն է, որ Հայաստանը պատրաստ է այնքան, որքան պատրաստ է Եվրոպան։
«Մենք ցույց ենք տվել կամք առաջ գնալու համագործակցության առումով»,- ընդգծեց Գրիգորյանը: