Search
Close this search box.

Ադրբեջանի դատախազությունը Արցախի նախագահի դիմումը կարող դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում ու իր մոտ քրգործ հարուցել

Արցախի տարածքում կատարված բոլոր հանցանքներով քննվող քրեական վարույթները պետք է կարճվեն արդարացման հիմքով. Հայաստանը չի կարող հետաքննել «Ադրբեջանի տարածքում» կատարված հանցագործությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նշենք, որ Արցախում կատարված հանցանքների քննությունը փոխանցվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։

Փաստաբանի խոսքով` սա քրեադատավարական խնդիր է, քանի որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը կարող է քննել բացառապես այն գործերը, որ կատարվել են Սյունիքի մարզի տարածքում։
«Որքան էլ խոսքը կոպիտ հնչի, հիմա Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում են գործեր, որոնց կատարման վայրը Ադրբեջանի Հանրապետությունն է։ Այսինքն` մենք ունենք իրավիճակ, որ այդ դատարանը քննում է իրեն ոչ ընդդատյա գործ, հետևաբար այս առումով Սյունիքի դատարանն այդ գործերը քննելով` իրեն վերածում է օրենքի հիման վրա չստեղծված դատարանի, որն էլ դատավորի կողմից իմպերատիվ բացարկի հիմք է»,– ընդգծեց Կոչուբաևը։

Փաստաբանը նշեց, որ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած հանցանքների վերաբերյալ քննությունները որոշ դեպքերում իրականացվել են Հայաստանում։ Խոսքը հատկապես պատերազմի ժամանակ տեղի ունեցած դավաճանության դեպքերի, հրաման չկատարելու և այլ հանցագործությունների մասին է։ Թեպետ բոլոր այդ գործերը քննվել են ՀՀ զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից, բայց իրավաբանորեն, քրեական օրենսգրքի իմաստով դրանց կատարման վայրը Արցախի Հանրապետությունն է։

«Հիմա մենք ունենք այնպիսի իրավիճակ, երբ ՀՀ–ն Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի մաս, հետևաբար զրկվել է Արցախի տարածքում կատարված դեպքերի քննության իրավազորությունից»,– նշեց Կոչուբաևը։
Մեր զրուցակիցը համարում է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու իրավաբանական ելքը մեկն է` քրեական գործերով անցնող անձանց նկատմամբ (ովքեր հիմա ՀՀ–ում են և քրեական հետապնդման են ենթարկվում) բոլոր գործերը կարճել` այդ արարքները չկատարելու հիմքով։
«Անգամ ամենահիմնավորված պետական դավաճանության դեպքը պետք է կարճվի հանցակազմի բացակայությամբ, որովհետև կրկնում եմ` հանցանքի կատարման վայրը և իրավազորությունն այլևս գոյություն չունի։ Իրավաբանությունը սա է հուշում»,– շեշտեց նա։

Միևնույն ժամանակ, Կոչուբաևի խոսքով, կան քրեական հետապնդումներ, որոնք ունեն ընդգծված քաղաքական զգայունություն, օրինակ` ՊԲ ղեկավար անձնակազմի, զինվորականների նկատմամբ, որոնք համարվում են պատերազմում պարտության «մեղավորներ», և որոնց հանցանքի կատարումը ենթադրաբար Արցախի տարածքն է, բայց նրանց նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է ՀՀ–ում, ինչը ոչ իրավաչափ է։
Անդրադառնալով միջազգային փորձին` փաստաբանն օրինակ բերեց Աբխազիան` նշելով, որ երբ Վրաստանը կորցրեց իրավազորությունը Աբխազիայի նկատմամբ, ոչ զգայուն գործերը կարճվեցին արդարացման հիմքով։

«Նույնը պետք է այստեղ լինի։ Ցավոք, նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունք չունենք այս առումով, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, բայց կարծում եմ` կունենանք։ Օրինակ` եթե ՊԲ հրամանատարին մեղսագրվող արարքում լինի մեկնաբանություն առ այն, որ հանցանքը կատարվել է այլ պետության տարածքում, որն ուղղված է ՀՀ շահերի դեմ, այստեղ ևս պետք է աշխատի միջազգային իրավունքը, մասնավորապես` արտահանձնման գործընթացը։ Ադրբեջանը պետք է հրաժարվի այդ անձանց դատելու իրավազորությունից և փոխանցի ՀՀ–ին, ինչը Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական պայմանագրերի բացակայության պայմաններում գործնականում բացառված է»,– հավելեց փաստաբանը։

Իրավաբանության տեսանկյունից փաստն այն է, որ հետապնդվող անձինք չեն արտահանձնվել Ադրբեջանի կողմից, ավելին` ՀՀ–ն չունի այս վարույթները շարունակելու համաձայնություն Ադրբեջանից։ Կոչուբաևը պատրաստվում է հենց այս միջնորդությունները ներկայացնել դատարան։

Ավելի վաղ էլ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որպեսզի Արցախի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և դրանք քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով։

Կոչուբաևի խոսքով` եթե Արցախի որևէ պաշտոնյա փողեր է լվացել ՀՀ–ում, դա Հայաստանը պետք է քննի, բայց եթե խոսքը Արցախի պետբյուջեի գումարների յուրացման մասին է, ՀՀ–ն դրանք քննելու որևէ իրավազորություն չունի։

«Հայաստանը չի կարող հետաքննել «Ադրբեջանի տարածքում» կատարված հանցանքները։ Սա տեսականորեն բացառված է, չնայած չեմ զարմանա, եթե գործեր և քրեական հետապնդումներ հարուցվեն»,–նկատեց մեր զրուցակիցը։
Կոչուբաևը նաև չի բացառում, որ Շահրամանյանի կողմից նման դիմումը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը կարող է դիտարկել որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում, իր մոտ քրգործ հարուցել և միջազգային հետախուզում սկսել այդ անձանց նկատմամբ։ Փաստաբանը շեշտում է` ցավոք, իրավազորությունն Ադրբեջանին է պատկանում։

Please enter a valid URL