Երեք տարի առաջ` 2020 թ․ նոյեմբերի 9-ին, արցախյան 2-րդ պատերազմն ավարտվեց հայկական կողմի նվաստացուցիչ, կապիտուլյացիոն պարտությամբ: Շուրջ 5 հազար զոհ, հազարավոր վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, տեղահանվածներ, օր-օրի լկտիացող թշնամի, եւ այս ամենի հետ մեկտեղ` սողացող պատերազմ, որի արդյունքում անընդհատ հողային եւ մարդկային կորուստներ ենք ունենում: Արդյունքում` վերադարձանք «ո՛չ պարտերազմ, ո՛չ էլ խաղաղություն» վիճակին եւ, ի վերջո, հանձնվեց Արցախը:
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության նախագահ, 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի կինը` Արուս Հարությունյանը, «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ չարաբաստիկ պատերազմից երեք տարի անց Հայաստանում ամեն բան փլուզվել է` հայ ժողովուրդը, կորցնելով Արցախը, թերթել է հայոց պատմության վերջին էջը։ «Այսօր էլ ոչինչ չունենք` ո՛չ երկիր, ո՛չ պետություն: Իշխանություններն այս տարի որոշել էին չայցելել Եռաբլուր, չեմ զարմանա, որ մի օր էլ Եռաբլուրը վերացնելու որոշում ընդունեն»,- նշում է զոհվածի այրին:
44-օրյա պատերազմի սիմվոլ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը նշում է, որ իր հույսը չի մարում, որ մի օր անպայման լկտի Իլհամ Ալիեւին Հայաստանից արժանի պատասխան կտան: Զոհված զինծառայողի հայրը կարծում է, որ ամեն ինչ հայ ժողովուրդը կարող է վերադարձնել: Միակ բանը, որ էլ երբեք չի վերադառնա, անմահացած տղաներն են, որոնք հրաժեշտ տվեցին երկրային կյանքին: Նա կարծում է, որ պատերազմն այս երեք տարիներին չի ավարտվել, վտանգն ամեն րոպե կախված է Հայաստանի գլխին։ «Իմ ընկալմամբ` պատերազմը երբեք չի ավարտվել: Հայաստանում այսօր լիքը անելիք կա: Թե՛ Սյունիքի մարզը եւ թե՛ մնացած մարզերն այսօր փաստացի մեծ վտանգի տակ են: Լսո՞ւմ եք Ալիեւի ճոռոմ-ճոռոմ խոսքերը: Վստահ եմ` գալու է ժամանակը, եւ Հայաստանից նա կստանա իրեն արժանի պատասխանը: Ես չգիտեմ, թե դա ինչպես կլինի` իշխանություն կփոխվի, թե ոչ, բայց վստահ եմ, որ գալու է այն օրը, որ մենք տալու ենք նրա զառանցանքների պատասխանը»,- նշում է մեր զրուցակիցը: Ըստ նրա` այն բոլոր թեզերը, թե Արցախը հանձնելով, Հայաստանը մտնելու է խաղաղության դարաշրջան, կեղծ էին։ «Ոչ մի պարագայում մենք Արցախը հանձնելով չէինք կարող հանգիստ ապրել: Նման կերպ մտածող մարդիկ անգամ իրավունք չունեն ապրելու: Նման հիմարություններ ասում են նրանք, ովքեր ոչինչ չեն կորցրել, ո՛չ երեխա, ո՛չ տուն, ոչինչ…. նման մարդկանց երբեք Արցախն ու Արցախի ճակատագիրը հետաքրքիր չեն եղել: Ավելի կտրուկ չեմ ուզում ծավալվել ու չեմ ուզում ավելի կտրուկ բաներ ասել»,- նշեց նա:
Հարցին, թե ինչու իշխանություններն այս տարի նոյեմբերի 9-ին Եռաբլուր չայցելեցին, Արտակ Հովհաննիսյանը նշեց. «Այցելեն, որ ի՞նչ անեն: Ի՞նչ ունեն ասելու մեր տղերքին: Գնան ասեն, որ բոլորը միասին դավաճանե՞լ են, հա՞: Չկա այդպիսի մեկը` ներկա, նախկին կամ էլ միջանկյալ, որ մեղավոր չլինի այս աղետի համար: Բոլորն էլ մեղավոր են, բոլորն էլ դավաճաններ են, ամեն մեկը` իր մասով, իր չափով, իր ժամանակի մեջ: Որ հիմա էս վիճակում ենք, որ երեք տարի առաջ մեր տղերքը տուն չվերադարձան, դրա համար բոլորն են մեղավոր, այնպես չէ, որ ինչ-որ մեկն անմեղ էր, հակառակ դեպքում անմեղ մարդն ասելիք կունենար, անելիք կունենար, ոչ թե ընդհատակ կանցներ: Իրենք էլ մեզնից լավ գիտեն, թե ինչն ինչոց է: Այնպես որ, իրենց պաթոսախառը զրույցները թող պահեն միամիտ մարդկանց համար, մենք լավ գիտենք՝ ով ով է: Ես մեծ հույսեր ունեմ, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու, հույս ունեցել եմ, ունեմ եւ ունենալու եմ: Միայն մեկ հարցում հույս չունեմ՝ մեր տղերքն էլ երբեք հետ չեն գա, մնացած ամեն ինչ լավ է լինելու»: