Search
Close this search box.

Հայր ու որդի հnւղարկավnրվել են նույն գերեզմшնшփոսում, որ երեխան մենшկ չլինի․ Վեներայի անդшռնшլի ցшվը սփոփում չունի. mediahub

mediahub.am-ը գրում է. Միքայել Ազատյանը Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղից է։ Կինը՝ Վեներան, Ասկերանի Խնածախ գյուղից է այստեղ հարս եկել, 3 երեխա են ունեցել ու աշխատում էին իրենց արդար վաստակով մեծացնել երեխաներին, կրթություն տալ նրանց։ «Կաշեն»-ի հանքավայրում երկար տարիներ աշխատաելուց հետո։ Միքայելը ծառայության է անցել աշխարհազոր ուժերում, դիրքապահ էր։

Երբ սկսվեց պատերազմը առաջնագծում էր, այդ ժամանակ Արցախի բնագծի ողջ երկայնքով մարտեր էին ընթանում։ Վեներան MediaHub-ին պատմում է, որ այդ օրերին չգիտեր դիրքերում գտնվող ամուսնու մասին մտածեր, թե՞ զավակների անվտանգության։

«Նման իրավիճակում ամենավատի մասին ես մտածում, և երբ այն չի կատարվում, ասում ես՝ հրաշք տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 20-ի երեկոյան ամուսինս տուն եկավ վիրավոր վիճակում, նա մարմնական լուրջ վնասվածք էր ստացել նաև 2020 թվականին։ Եկավ, և մեր ուրախությանը չափ չկար, մտածեցի փրկվել ենք։ Ո՞վ կմտածեր, որ ողբերգությունը դեռ առջևում է»,- ասում է կինը։

Նույն օրը դատարկվեց ամբողջ գյուղն ու ենթաշրջանը։

«Փաստաթղթերը, երեխաների նկարներն ու ամենաանհրաժեշտ իրերը հազիվ հասցրեցի դուրս բերել։ Եկանք սկզբից Իվանյան՝ ռուս խաղաղապահների կենտրոնակայան, հետո գնացինք իմ հայրական տուն։ Միքայելը վիրակապվեց, ու մի քանի օր մնացինք Խնածախում, հետո եկանք Ստեփանակերտ, որ այնտեղից շարժվեինք Հայաստան»,- պատմում է մեր զրուցակիցը։

Նա ասում է, որ հետո ամենաշատը մտածում էր՝ Հակարիի կամրջով անցնելիս թուրքը չիմանա, որ ամուսինս ծառայող է, վնաս չտան։ Այդ օրերին այս թեման ամենաշատն էր անհանագստացնում, հատկապես կանանց։ Բայց, ինչպես ընդունված է ասել՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։

Սեպտեմբերի 25-ին Միքայելը՝ իր 17-ամյա որդու՝ Տիգրանի և Վեներայի եղբայրների՝ Վիտալիի և Վահրամի հետ գնում էին վառելիք ձեռք բերելու․ «Հազար անգամ խնդրեցի տղայիս, ասացի՝ «Ծիգո, մի գնա, հեռու ա, դու մնա», բայց տղաս ուզեց, որ հոր ու քեռիների հետ գնա։ Կեսօրին դուրս եկան, ու երբ արդեն մութ էր, ու իրենց հետ կապ հաստատել չէր լինում, շատ անհանգիստ էինք, հետո անձրև ու կայծակ էր։ Ոչնչից տեղյակ չէինք, երբ Ռուսատանից մեր բարեկամները զանգեցին ու ասացին, որ Հայկազովում բենզինի պահեստ է պայթել։ Փոքր եղբայրս եկավ, շատ ահավոր վիճակում էր, ասաց որ Միքայելից ու Տիգրանից տեղեկություն չունի, բայց եղբայրս՝ Վիտալին հիվանդանոցում է»։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL