Search
Close this search box.

Մայր Աթոռում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. քննարկվելու է Պոլսո Հայոց պատրիարքության խնդիրը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, փետրվարի 20-ին  սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնության ու գնահատանքի խոսքն ուղղեց Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին։ Վեհափառ Հայրապետը հայցեց Երկնավոր Տիրոջն արդյունավորել ժողովականների ջանքերը, որպեսզի կարողանան Սուրբ Հոգու առաջնորդությամբ օգտակար որոշումներ կայացնել ներկայացված հարցերի վերաբերյալ՝ նպաստելով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաքելությանը։

Օրակարգում ընդգրկված են համազգային և ներեկեղեցական մի շարք հարցեր: Մասնավորաբար, քննարկվելու են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությանն առնչվող խնդիրներ, Հայ Եկեղեցու կառավարման արդյունավետության, Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձի տոնախմբման, երիտասարդների շրջանում քարոզչական առաքելության զորացման մասին նյութեր։ Քառօրյա ժողովին կներկայացվի նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ու թեմերի 2017 թ. գործունեության տեղեկագիրը:

Please enter a valid URL