SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 4-ին «Աբովյան» բժշկական կենտրոն են դիմել 2 քաղաքացի, ովքեր մասնակցություն են ունեցել հոկտեմբերի 12-ին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ «էրեբունի» թանգարանի հարևանությամբ գործող «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մեջ, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունում պարզել են, որ այդ անձինք են Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Վարդան Ս.-ն և 25-ամյա Նարեկ Գ.-ն: Քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցվում է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից «Աբովյան» բժշկական կենտրոն են մեկնում ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի գլխավորությամբ:
Տեղում ոստիկանները պարզել են, որ Վարդան Ս.-ն այդ օրը ժամը 01:00-իից միչև 02:00-ն ընկած ժամանակահատվածում եղել է «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ, որտեղ ավտոմեքենա կայանելու հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել մի խումբ անձանց հետ, ովքեր ծեծի են ենթարկել իրեն և Նարեկ Գ.-ին: Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ոստիկանության Էրեբունու տարածքի վետերանները պարզել են, որ նշված արարքը կատարողներից մեկը եղել է Երևանի բնակիչ 22-ամյա Արտյոմ Մ.-ն, ում ոստիկանները հայտնաբերել են Խորենացի փողոցում և տեղափոխել Ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Կայքի տեղեկություններով Արտյոմ Մ.-ն ազատ է արձակվել: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 12-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում մի խումբ անձինք վիճաբանում են, որի ժամանակ փոխադարձ կրակոցներ են հնչել:
Նմանատիպ տեղեկություն նաև ստացել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտում: Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, հրամանատարի՝ ծառայության գծով տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ՝ պարեկները մոտեցել էին ենթադրյալ վիճաբանության վայր: Մի մասը՝ Արցախի փողոցից դեպի Էրեբունի թանգարանի ուղղությամբ, մի մասը՝ Էրեբունի Մասիվից և Նուբարաշենի խճուղուց, քանի որ վիճաբանության ու կրակոցների վայրի մասին հստակ տեղեկություն չկար: ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արթուր Մուրադյանն ու Գոհար Գեղամյանը շատ արագ, օպերատիվորեն հասել էին Խաչիկ Դաշտենցի փողոց, որտեղ նրանց հաջողվել էր հետապնդել և ենթադրյալ կռվի մասնակից կասկածյալներից մեկին վնասազերծել ու տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին: Կռվի մյուս մասնակիցները, տեսնելով մոտեցող պարեկային ծառայողների՝ փարոսիկները միացված ավտոմեքենաները, դիմել էին փախուստի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը սկսվել էր Խաչիկ Դաշտենց փողոցի 2/1 հասցեում գործող «Էրեբունի ամրոց» գարեջրատան խցերից մեկում, որն այնուհետև շարունակվել էր ռեստորանի դիմաց, որի ժամանակ էլ հնչել էին կրակոցներ: