Search
Close this search box.

Պապոյանն անդրադարձել է 8 գյուղերի հետ կապված ադրբեջանական պահանջներին

Հայաստանը երբեք ոչինչ չի խոստացել, Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի՝ 1974-1975թթ․ քարտեզներով։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ութ գյուղերի հետ կապված ադրբեջանական պահանջներին։

Նրա խոսքով՝ այդ քարտեզներով նույն Տավուշի մարզում կան 7-8 գյուղեր, որոնց վարելահողերն ամբողջապես գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։

«Հիմա սահմանը, եթե քարտեզով նայում եք, շատ զիգզագաձև է, հիմա տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ սահմանը մնա այն, ինչ կա, կարող է լինել այլ տարբերակ, որ ինչ-որ վարելահողներ, որոնք մեր գյուղերին են պատկանել, պետք է բնականաբար նորից անցնեն Հայաստանին։ Այս դեմարկացիան ու դելիմիտացիան այդ գործընթացն է, բայց մի բան հստակ է՝ 29.8 հազար կմ քառակուսի տարածքը պահելու ենք»,- նշել է նա։

ՔՊ-ականի դիտարկմամբ՝ այս ամենը պետք է «խաղաղության պայմանագրի» շրջանակում դրսևորվի։

«Պայմանագրի կարևորագույն դրույթներից մեկն այն է, որ պետք է ամրագրվի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Այնտեղ չպետք է լինեն ռումբեր պարունակող դրույթներ»,- ասել է Պապոյանը։

Դիտարկմանը, որ Ադրբեջանը ձգտելու է հասնել Տիգրանաշեն, այն հանձնելու մասին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ տարածքային ամբողջականության մասին է հիմա խոսում իշխանությունը, Գևորգ Պապոյանը պատասխանեց՝ այդ մտքերն աբսուրդային են։

«Այդ ութ գյուղերի մասին խոսում եք դուք և Ալիևը։ Մի վիճեք ինձ հետ»,- նշել է ՔՊ-ականը։

Please enter a valid URL