Search
Close this search box.

«Հրապարակ». Պապիկյանն ազատել է «կապեպեի» պետին, նշանակել իր կուրսեցուն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակ»-ի աղբյուրները հայտնում են, որ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ սեպտեմբերի սկզբին ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպից հետո Սուրեն Պապիկյանն անմիջապես աշխատանքից ազատել է վարչական համալիրի պահպանության ապահովման բաժնի պետ, գնդապետ Արման Մկրտչյանին եւ աշխատանքի ընդունել իր համակուրսեցուն՝  մայոր Լեւոն Անդրեասյանին։ 

Պարզվում է` Պապիկյանի նյարդերը տեղի են տվել այն բանից հետո, երբ գնդապետ Մկրտչյանը, այսպես ասած, հոգատար վերաբերմունք է ցուցաբերել ՊՆ-ի դիմաց շուրջ 3 օր նստացույց անող անհետ կորածների ծնողների նկատմամբ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած զինծառայողի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, ով միջադեպի օրը ՊՆ-ում է եղել, վստահեցնում է՝ Պապիկյանը Մկրտչյանին հեռացրել է աշխատանքից իրեն եւ մեկ այլ ծնողի ներս թողնելու համար։

«Պապիկյանը միջադեպի օրը տեղում ազատեց Մկրտչյանին աշխատանքից։ Երբ արդեն իր մոտ էինք, չէինք ցանկանում սկսել ժողովը, պահանջում էինք նաեւ Մկրտչյանի ներկայությունը, սակայն Պապիկյանը հայտարարեց, որ արդեն ազատել է գործից։ Մենք 3 օր շարունակ նստացույց ենք արել, որ Պապիկյանը մեզ ընդունի։ Մենք նրան ասել ենք, որ Մկրտչյանը շատ լավ մարդ է, բայց, փաստորեն, ապարդյուն»,- նշեց անհետ կորածի մայրը։ Տիկին Հռիփսիմեն մանրամասն պատմում է, թե ինչպիսի հարգանքի են արժանացել գնդապետ Մկրտչյանի կողմից։ Անհետ կորածի մայրը վստահեցնում է՝ այդ օրը հայհոյանքների արժանացած Պապիկյանին զայրացրել է Մկրտչյանի մարդկային վերաբերմունքն իրենց նկատմամբ։ Ասում է, որ նա իրեն պահել է արժանապատիվ սպայի պես՝ չվիրավորելով զինվորների ծնողների անձն ու արժանապատվությունը։ 

«Երբ ՊՆ անցագրայինում նստացույց անող ծնողները քաղցած էին, Մկրտչյանն ինձ թույլ տվեց հաց տանել, մինչդեռ հրաման կար՝ մեզ առհասարակ հեռացնել ՊՆ-ի տարածքից։ Ինձ եւ ծնողներից Կարինեին թույլ չէին տալիս ներս մտնել, Մկրտչյանն ասաց՝ ի՞նչ տարբերություն, նրանք էլ են անհետ կորածների ծնողներ, եւ մեզ ներս անցկացրեց»,- ասաց անհետ կորածի ծնողը։ Պապիկյանն իր մայոր համակուրսեցուն դեռեւս ամիսներ առաջ էր պատրաստել այդ պաշտոնին՝ մինչ այդ նրան նշանակելով վարչական համալիրի պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ։ Լեւոն Անդրեասյանը, ում միակ առավելությունը Սուրեն Պապիկյանի համակուրսեցի լինելն է, պարզվում է՝ իշխանական գծի մեջ է՝ անցագրային կետում նվաստացնում ու անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում Արցախից եկած սպաների նկատմամբ, ովքեր օրեր շարունակ հերթ են կանգնում՝ աշխատանքի անցնելու համար։ 
Մանրամասները՝ շուտով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/afd874ea658b1b25faac3cbf60da986b

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Please enter a valid URL