Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու, թե 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ հրահրված պատերազմի վերաբերյալ քրեական վարույթների շրջանակներում Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում՝ Ադրբեջանի ռազաքաղաքական ղեկավարության քանի ներկայացուցչի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել, արդյո՞ք հետախուզում հայտարարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի, ԳՇ պետ Քերիմ Վելիևի նկատմամբ՝ պատերազմական հանցավորությունների համար, գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց, զինվորականների սպանությունների, խոշտանգումների քանի դեպք է արձանագրվել և արդյո՞ք այդ դրվագներով ևս որևէ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվել է․
«Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈՒ շուրջ 20 ներկայացուցիչների, այդ թվում՝ «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովի նկատմամբ»։