Search
Close this search box.

Հայ–թուրքական սահմանին կառուցվող նոր մաքսատան շինարարությունը մոտենում է ավարտին

ՀՀ Արմավիրի մարզի «Մարգարա» մաքսային կետի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Հոկտեմբերի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կիրագործվեն հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում։ Նա նշել էր, որ դա վերաբերում է Հայաստան–Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար բացելուն։ Փաշինյանը շեշտել էր` բացի պայմանավորվածություններից, սահմանային ենթակառուցվածքների մասով զգալի աշխատանք է կատարվել` վերազինվել է Մարգարայի անցակետը։ Պարզելու համար, թե ինչ աշխատանքներ են կատարվել անցակետում, Sputnik Արմենիան դիմել էր ՊԵԿ–ին։

«Նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Կառուցվել են մաքսային հսկողության և վերահսկողության գործառույթների կատարման համար անհրաժեշտ շենքերը և շինությունները», — պատասխանել են կոմիտեից։

Նշվում է նաև, որ այս պահին իրականացվում են ներքին հարդարման, ինժեներական կոմունիկացիաների մոնտաժման և բարեկարգման աշխատանքները:

Please enter a valid URL