Նոյեմբերի 6-ին, ժամը 15:33-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Հաղորդվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ գյուղի վերջնամասում այրվում է Բերդ-Չինարի երթուղին սպասարկող ուղևորատար «GAZelle» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Զ. Օ., 18 ուղևոր)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել` 16:33-ին: Այրվել է ավտոմեքենան․ տուժածներ չկան», -ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ԶԼՄ-երի, բարեբախտաբար թե՛ վարորդը, թե՛ 18 ուղևորները հասցրել են դուրս գալ մեքենայից։