Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բուխարեստում իր ռումինացի գործընկեր Լումինիցա Օդոբեսկուի հետ համատեղ ասուլիսում Հայաստանին կոչ է արել բաց չթողնել խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«30 տարի անց «ադրբեջանական հողերի օկուպացիայի» (չակերտները՝ Tert.am) ավարտը և այդ հողերի նկատմամբ մեր ինքնիշխանության վերականգնումը նոր հեռանկարներ են բացում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այս կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա, ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև կապահովի տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս համագործակցության չօգտագործված հնարավորությունների իրականացում։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի խաղաղության օրակարգը։ Հակառակ կողմից ակնկալում ենք կառուցողական մոտեցում և փոխադարձ քայլեր։ Հույս ունենք, որ այս առանձնահատուկ շանսը բաց չի թողնվի»,- ասել է Բայրամովը։