Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը շուտով Մոսկվայի օդանավակայաններում կսկսի ժամանող միգրանտների մատնահետքերի նմուշառում իրականացնել։ Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիոն հարցերով գլխավոր վարչության ղեկավար Վալենտինա Կազակովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հաշվի առնելով Մոսկվայի կառավարության առաջարկները, կարծում եմ, որ մենք մոտ ապագայում կսկսենք իրականացնել այդ փորձը»,- նշել է նա։
Կազակովայի խոսքով՝ մատնահետքերի և լուսանկարների տվյալների բազան կօգնի կանխել միգրանտների մուտքը Ռուսաստան, որոնք փոխում են իրենց նույնականացման տվյալները:
Նա հիշեցրել է, որ այս ընթացակարգերը, ինչպես նաև բժշկական զննումները զգալիորեն օգնում են հանցագործությունների բացահայտմանը։
Պաշտոնյայի պնդմամբ, Ռուսաստանում կա մոտ 6,5 միլիոն օտարերկրացի, որոնցից 4 միլիոնի դեպքում մատնահետքի դակտիլոսկոպիա է արվել։