Արցախահայության հնարավոր վերադարձի հարցն արձանագրված է նոյեմբերի 9-ի համաձայանագրի 7-րդ կետում, իսկ խաղաղության պայմանագրում դրա մասին խոսք չի գնացել եւ չի գնում հիմա: Այս մասին 24news.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրում քննարկվում է արցախահայերի հնարավոր վերադարձի վերաբերյալ հարցը:
«Չեմ կարծում, որ այս հարցը քննարկման առարկա է Հայաստան- Ադրբեջան խաղաղության պայմանագրի համատեքստում: Այդ մարդկանց իրավունքների հարցը կա, մնացել է, բայց Հայաստան — Ադրբեջան խաղաղության պայմանագրի հասցեագրվող հարցերի մեջ կարող է այն չքննարկվել, այն կարող է քննարկվել առանձին, ինչը որ պետք է արվեր, որը չարվեց, առանձին բանակցություններ տեղի չունեցան: Հիմա մենք ապրում ենք նոր իրողությունների ժամանակաշրջանում»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանը շեշտում է, որ Արցախի 150 հազար հայերը վերադառնալու իրավունք ունեն. «Իրենք իրենց տան, հողի նկատմամբ իրավունք ունեն, այս բոլոր իրավունքները միջազգային իրավունքով պաշտպանված են եւ այդ հարցը ՄԱԿ-ի եւ մյուս ամբիոններից բարձրացված է ՀՀ պատվիրակությունների կողմից»:
Անդրադառնալով Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը՝ Մարուքյանն ասաց, որ դրանց պահպանումը Հայաստանում չի կարող լինել:
«Հայաստանը իր տարածքում չի կարող այլ պետությունների պետական ինստիտուտներ պահպանել, եթե դրանք հավատարմագրված դիվանագիտական հաստատություններ չեն: ՀՀ ազգային անվտանգության համատեքստում սխալ է ՀՀ տարածքում նման ձեւակերպումներով ինստիտուտներ ձեւակերպել եւ պահպանել, վտարանդի կառավարություններ կան, եղել են եւ թող լինեն, ՀՀ-ն դրա հետ գործ չունի»,- ասաց նա: