Armlur.am-ը գրում է. Ֆինանսական խոշոր յուրացումնների պատճառով երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից բերման են ենթարկել նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին և թաղապետարանի մի քանի աշխատակիցների: Բերման ենթարկվողների թվում են համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ խաչատրյանը, առևտրի բաժնի պետ Հրայր Արամյանը և կոմունալի աշխատակից Վան Հարությունյանը:
Առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի պետ հանդիսացող Հրայր Արամյանը նախկինում աշխատել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ:
Հրայր Արամյանին մոտ բավականին արագ է ստացվել մի պաշտոնից մյուսին անցնելը։ Շատ չանցած Հրայր Արամյանը նշանակվում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար աշխատակազմի կոմունալ տնտեսության և ԲՇԿՄ բաժնում ՝ արդեն որպես գլխավոր մասնագետ:
Դեռ այս պաշտոնում չէր հասցրել աշխատանքային պարտականությունները յուրացնել, արդեն ստանձնեց նոր պաշտոն: 2022 թվականի մարտին նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի առաջին կարգի մասնագետ:
2022 թվականի մայիսին նույն բաժնում՝ դեռ երկու ամիսն էլ նորմալ չաշխատած, առաջին կարգի մասնագետից անցում է կատարում բաժնի պետի տեղակալի պաշտոնին: Իսկ ահա 2022 թվականի հուլիսի 1-ին նշանակավել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի պետ:
Ուսումնասիրելով Հրայր Արամյանի աշխատանքային հաջողությունները՝ ակնառու է հետևյալ վիճակագրությունը, որ միջինում 2 ամիս աշխատելու դեպքում Հրայր Արամյանը ստանձնել է նոր պաշտոն և դեռ չհասցրած հարմարվել նոր աշխատանքին՝ ստանում է մեկ այլ պաշտոն:
Հրայր Արմայանը նույնպես ձերբակալվել է ֆինանսական խոշոր յուրացումններ կատարելու մեղադրանքով: Վարկած կա ,որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կատարված խոշոր յուրացումններ կատարած անձանց ցանկը եզրափակելու համար դեռ վաղ է, քանի որ շղթան հնարավոր է դեռ մեծանա: