Հայ-ռուսական հարաբերություններում կան որոշ խնդիրներ, մենք շատ բաներով բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ ՌԴ-ն էլ նույնպիսի վերաբերմունք ունի ՀՀ-ի նկատմամբ. «Մենք համոզված ենք, որ այն, ինչից ՌԴ գործընկերներն են զարմանում, հետևանք է այն քաղաքականությանը, որը մենք տեսել ենք զանազան մեդիա եթերներում և այլ տեղերում։ Բայց սա առանձին թեմա է:
Մենք այստեղ որևէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել հասկանալ, հարթել և բարեկամաբար առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Սա է մեր դիրքորոշումը»,- ասաց նախարարը՝ հույս հայտնելով, որ այս ամենը կհաջողվի։
Արարատ Միրզոյանը նկատեց, որ այստեղ ամեն ինչ միայն մեկ կողմից չի կախված:
Նախարարը խոսեց նաև Հնդկաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների մասին, նկատեց՝ Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումները հրապարակային են, կլինեն նոր ուղղություններ, նոր ծրագրեր, իսկ Չինաստանի հետ Հայաստանը շահագրգռված է ուղիղ՝ չմիջնորդավորված գործընկերային հարաբերությունների զարգացմամբ: