«Անկեղծ ասած, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից նման տրամադրվածությամբ չէի եկել, բայց հասկացա, որ դեռ մոտակա ժամանակներս երեւի տարածք չունենք հանձնելու, դրա համար երևի բաց թողեցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ Գարիկ Գալեյանը, ում քիչ առաջ դատարանը ազատ արձակեց՝ խափանման միջոց կիրառելով տնային կալանքը։
«Պետք է կարողանանք ազգովի, բոլորով ոտքի կանգնել ու փրկենք գոնե Հայաստանը, Արցախը արդեն կորցրել ենք։ Գրեթե վստահ եմ, որ Արցախը հանձնում էին, դրա համար էլ ես անազատության մեջ էի, քանի որ արժանապատիվ ՀՀ քաղաքացիները ու հերոսածին ծնողներն են միայն խանգարում դրան: Երևի մեր կոչից հանրությունը կարթնանար, դրա համար անզատության մեջ էի գտնվում և, իհարկե, իրենց շառով»,- ասաց Գալեյանը։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել էր 2023 թ. սեպտեմբերի 8-ին։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։
Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Սեպտեմբերի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։