Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները սեպտեմբերի վերջից սկսած օգնել են Հայաստան տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի 48 բնակչի, ովքեր նման ցանկություն են հայտնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Փոխադրումը կազմակերպվել է նրանց ցանկությամբ, այդ թվում՝ հարազատների հետ վերամիավորվելու նպատակով»,– նշեց Ամատունին:
Նա նաև ընդգծեց` խոսքը սեպտեմբերի վերջից հոկտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածի մասին է։
Ավելի վաղ ԿԽՄԿ օպերատիվ բաժնի տնօրեն Մարտին Շուպը հայտարարել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մարդասիրական օգնություն է տրամադրում նրանց, ովքեր մնացել են Լեռնային Ղարաբաղում այն բանից հետո, երբ այն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Դրանից առաջ ԿԽՄԿ–ն Լեռնային Ղարաբաղում նկարահանված տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են ԿԽՄԿ թիմի անդամները շրջում բնակավայրերում` փնտրելով այնտեղ մնացած մարդկանց, որպեսզի հոգան նրանց հումանիտար առաջնային կարիքները։ Նկարահանումները կատարվել էին 10-13–ն ընկած ժամանակահատվածում։