Search
Close this search box.

Լևոն Մնացականյանի առնչությամբ տարածված լուրերից անմիջապես հետո ՀՀ ՄՒՊ-ը դիմել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին

Լևոն Մնացականյանի առնչությամբ համացանցում հայտնված տեղեկություններից անմիջապես հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն ահազանգել էր, որ իր տեղեկություններով գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանի նկատմամբ Բաքվում բռնություններ են գործադրվել։ Ավելին՝ կասկած էր հայտնել նաեւ առ այն, որ նա խոշտանգվելով սպանվել է։

Նշենք, որ հոկտեմբերի 20-ին ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ութ գործչի, այդ թվում՝ Լևոն Մնացականյանին։ Մնացականյանի առնչությամբ շրջանառվող լուրերը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հերքել է նաև Սիրանուշ Սահակյանը։

ՄԻՊ գրասենյակից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Լևոն Մնացականյանի առնչությամբ համացանցում հայտնված տեղեկություններից անմիջապես հետո Պաշտպանը դիմել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին:

«Պաշտպանին հասցեագրված տեղեկատվությունը ներկայացվել է որպես խորհրդապահական և հրապարակման ենթակա չէ։ Այս ուղղությամբ աշխատանքները կրում են շարունակակական բնույթ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված էթնիկ հայերին, ապա Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ նրանց հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների ու չափանիշների խախտմամբ։ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին Պաշտպանը ամիսներ առաջ է ուղարկել պաշտոնական գրություն, բայց պատասխան առկա չէ»,- հայտնեցին ՄԻՊ գրասենյակից։

Please enter a valid URL