Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ Սենատի հատկացումների հարցերով հանձնաժողովի լսումներին, որոնք նվիրված էին ազգային անվտանգության ոլորտին հավելյալ 106 միլիարդ դոլար տրամադրելու Բայդենի վարչակազմի խնդրանքին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հիշատակեց Հայաստանը օգնություն ստացող երկրների շարքում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Իր խոսքում, մասնավորապես, պետքարտուղարն ասել է.
«Այս հատկացումը թույլ կտա մեզ հասցեագրել մարդասիրական ծանր կարիքները, որոնք ի հայտ են եկել ավտոկրատների և ահաբեկիչների մեղքով, ինչպես նաև Ուկրաինայում, Գազայում, Սուդանում, Հայաստանում և աշխարհի այլ վայրերում հակամարտությունների և բնական աղետների հետևանքով: Սնունդը, ջուրը, դեղորայքը և այլ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը խաղաղ բնակիչներին պետք է անարգել հասնի Գազա: Քաղաքացիական անձինք պետք է հեռու մնան վտանգից: Այս խնդիրն էլ ավելի է բարդանում, քանի որ «Համասը» օգտագործում է խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան: Անհրաժեշտ է դիտարկել մարդասիրական հրադադարների հարցը»,- ասել է պետքարտուղար Բլինքենը ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի նախագահ, սենատոր Փեթի Մուրեյի գլխավորությամբ տեղի ունեցած լսումների ընթացքում:
Էնթոնի Բլինքենը նաև ընդգծել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում Գազայի հատված մարդասիրական օգնության մշտական հոսքի բացակայության պայմաններում լարվածությունը հավանաբար էլ ավելի կմեծանա: