Search
Close this search box.

Երեք երկիր խզում է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ

Բոլիվիայի իշխանությունները հայտարարել են Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Գազայի հատվածում ՑԱԽԱԼ-ի իրականացրած գործողության պատճառով, հաղորդում Է Reuters-ը: Տեղեկությունը փոխանցում է meduza-ն։

Փոխարտգործնախարար Ֆրեդի Մամանին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Բոլիվիան նման որոշում է ընդունել «Գազայի հատվածում ընթացող իսրայելական ագրեսիվ եւ անհամաչափ ռազմական հարձակումը չընդունելու եւ դատապարտելու նշան»:

Հարավամերիկյան երկու այլ երկրներ՝ Չիլին և Կոլումբիան, հայտարարել են, որ խորհրդակցությունների համար Իսրայելից հետ են կանչել իրենց դեսպաններին:

Բոլոր երեք երկրները կոչ են արել հրադադար հայտարարել, իսկ Բոլիվիայի եւ Չիլիի իշխանությունները հայտարարել են Գազայի հատվածին հումանիտար օգնություն մատակարարելու անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ Իսրայելին մեղադրել են միջազգային օրենսդրությունը խախտելու մեջ:

Հրադադարի անհրաժեշտության մասին հայտարարել են նաև Մեքսիկայի և Բրազիլիայի իշխանությունները:

Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունը Չիլիի եւ Կոլումբիայի դեսպանների հետկանչը, ինչպես նաեւ դիվանագիտական կապերի խզման մասին Բոլիվիայի հայտարարությունը դեռ չի մեկնաբանել:

Reuters-ը նշում է, որ Բոլիվիան աշխարհի առաջին երկրներից մեկն է, որը հայտարարել Է Գազայի հատվածում գործողության պատճառով Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: 2009 թվականին Էվո Մորալեսը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Բոլիվիայի նախագահի պաշտոնը, խզել էր դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ նաև Գազայի հատվածին հասցված հարվածների պատճառով, սակայն 2020 թվականին դրանք վերականգնվել էին:

Please enter a valid URL