ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 28-ին Մալթայում հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ուկրաինայում ՀՀ դեսպանատունից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը։ Այս առումով նշվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին հանդիպման կարևորությունը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։
Անդրեյ Էրմակը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի սկզբին Կիևում կայացած Առաջին տիկնանց և պարոնների գագաթնաժողովին ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի մասնակցության և ուկրաինացի դպրոցականների համար մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը հաստատել է ուկրաինական կողմի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հարցում, մասնավորապես, եվրաինտեգրման հարցերում։
Կողմերը շնորհավորել են միմյանց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի կազմում Հայաստանի և Ուկրաինայի ընտրվելու կապակցությամբ և քննարկել են երկու երկրների փոխգործակցությունը այդ կազմակերպության շրջանակներում և ընդհանուր՝ էներգետիկայի ոլորտում։