Search
Close this search box.

Նորք-Մարաշի գերեզմանատան վարիչը կալանավորվել է 4500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեղադրանքով

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ. Շ.-ն, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատան վարիչի պաշտոնը, Վ. Կ.-ի օգտին իր իշխանական լիազորություններն օգտագործելով գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս ազգականին Նորք-Մարաշ գերեզմանատանը հուղարկավորելու և նախընտրելի տարածքում գերեզմանատեղի տրամադրելու համար, Վ. Կ.-ից 2023 թվականի հունիսի 22-ին պահանջել և ստացել է խոշոր չափերի՝ 2.500 ԱՄՆ դոլար կաշառք:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ բացի այդ, Հ. Շ.-ն մեկ այլ անձի՝ Գ. Ե.-ի ազգականին Նորք-Մարաշ գերեզմանատանը հուղարկավորելու և նախընտրելի տարածքում գերեզմանատեղի տրամադրելու համար, Գ. Ե.-ից 2023 թվականի հուլիսի 7-ին պահանջել է կաշառք, այնուհետև միջնորդ Ա. Կ.-ի միջոցով համաձայնության գալով կաշառքի առարկայի չափի շուրջ, նույն օրը Գ. Ե.-ից ստացել է 2000 ԱՄՆ դոլար:

2023 թվականի հոկտեմբերի 27-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատան վարիչ Հ. Շ.-ն, վերջինիս կաշառք տված Գ. Ե.-ն, Վ. Կ.-ն և կաշառքի միջնորդություն կատարած Ա. Կ.-ն ձերբակալվել են:

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Հ. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել (2 դրվագ) ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Կաշառք տալու համար Գ. Ե.-ին ու Վ. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ կաշառքի միջնորդության համար:

Գերզմանատան վարիչի, ինչպես նաև վերջինիս կաշառք տված Գ. Ե.-ի և Վ. Կ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Please enter a valid URL