Ինչպես տեղեկացրել էր shamshyan.com-ը, շաբաթ օրը միջադեպ էր տեղի ունեցել Գյումրի բժշկական կենտրոնում, վիրաբույժ Արթուր Նասիբյանն ու Կարեն Գրիգորյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ՝ Արման և Արտակ Սարգսյանների հետ (նրանք եղբայրներ են) ինչը վերածվել էր ծեծկռտուքի, ու բժիշկներից մեկը մարմնական վնասվածքներ էր ստացել։ Հիվանդանոցի բուժքույրերից մեկն էլ՝ Աննա Ադամյանը, ոստիկանության «Կումայրի» բաժին հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ վիճաբանության ժամանակ բժշկական կենտրոնում որպես վիրաբույժ աշխատող երկու եղբայրները՝ 40-ամյա Արմեն Նասիբյանն ու 33-ամյա Արթուր Նասիբյանը ոտքերով հարվածել են իր սեղանին ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել։ Մեզ հաջողվեց պարզել, որ վիճաբանությունը եղել է միջանցքում, պատճառը բուժքրոջ կողմից հիվանդներից մեկին իրեն մտերիմ վիրաբույժի՝ Սարգսյանի մոտ ուղղորդելն է։ Նասիբյաններն էլ, լսելով այս մասին, նախ վիճաբանել են Սարգսյանների հետ, այնուհետ հաշիվ պահանջել բուժքրոջից։ Նասիբյան եղբայրներն այս պահին հարցաքննվում են ոստիկանության «Կումայրի» բաժնում, նրանք փախուստի մեջ չեն։ Գյումրու բժշկական կենտրոնում պատրաստվում են անհապաղ էթիկայի հանձնաժողովի նիստ գումարել, քննարկել բուժաշխատողների պահվածքը ու պատժել մեղավորներին։ Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ հետ զրույցում փոխանցեց հետևյալը․ «Այս միջադեպից անմիջապես հետո երկու կողմն էլ դիմել են ինձ, եկել են իմ մոտ մեր անվտանգության աշխատակիցների հետ, ես բացատրագրեր եմ պահանջել, հանձնարարել եմ փոխտնօրենին անհապաղ կազմակերպել էթիկայի հանձնաժողովի նիստը։ Մենք կհրապարկենք էթիկայի հանձնաժողովի քննարկման արդյունքները, մեղավորներն անպայման կպատժվեն։ Իրավապահները, բնականաբար, կտան իրավական գնահատական, սակայն մենք ևս կտանք մեր խիստ ու միաժամանակ օբյեկտիվ գնահատականը»։
aravot.am