«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ծառայողական ավոմեքենաները Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դարձել են անձնական օգտագործման՝ պետության հաշվին: Այդ մասին խոսում են օրաթերթի հարցումների պաշտոնական պատասխանները:
Դեռևս նախորդ շաբաթ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ շատ հանձնաժողովների նախագահների սպասարկող ավտոմեքենաները սահմանաչափից շատ բենզին են ծախսում, և նախագահները հստակ չեն բացատրում, թե ինչու:
Հարցումների պատասխանների հիման վրա տրամադրել էին տեղեկություններ այն մասին, թե ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Ռուբինյանին և և Հակոբ Արշակյանին սպասարկող ավտոմեքենաները որքան բենզին են ծախսել, և որքան է եղել նրանց տրամադրված բենզինի հավելաչափը (01/09/2022-31/08/2023թթ): Պարզաբանվել էր, թե ԱԺ պաշտոնյաները սահմանված չափից ավել բենզինը ինչ անհրաժեշտությամբ են բացատրել և ստացել: «Նշենք նաև, որ տարվա ընթացքում հավելյալ բենզինի տրամադրման անհրաժեշտություն է առաջացել՝ պայմանավորված խորհրդարանից դուրս տեղի ունեցած մի շարք աշխատանքային հանդիպումներով, նիստերով ու քննարկումներով»,-պատասխանել են ԱԺ-ից:
ԱԺ լրատվական ծառայության ղեկավար Լաուրա Անտոնյանը տվել է պատասխան միայն թվերի տեսքով՝ չներկայացնելով, թե ինչ անհրաժեշտությամբ է պայմանավորված եղել պաշտոնյաների հավելյալ պահանջը: Նշված հարցումը ուղղված էր նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին, որը պետք է միայն խելամիտ բացատրություն ստանալու պարագայում պաշտոնյաներին ԱԺ միջոցներից հավելյալ բենզին տրամադրի: Նրանք թաքցնում են պաշտոնյաների օգտագործած բենզինի ծախսերի իրական պատճառը, չեն ստուգում , թե որքանով է հիմնավոր հավելյալ բենզինի պահանջը:
Օրաթերթը տարբեր փորձագետների հետ զրույցում պարզել է, որ պաշտոնյաներին տարեկան 3600 լիտր տրամադրվող բենզինը անհնար է օգտագործել մինչև վերջ, եթե ծառայողական ավտոմեքենան իրապես միայն ծառայողական նպատակներով օգտագործվի, այլ ոչ թե անձնական, ընտանեկան այլ կարիքներ հոգա: Հետևելով ԱԺ փոխնախագահների գործունեությանը՝ կարելի է միանգամից ասել, որ նրանք տարվա ընթացքում աշխատանքային օրերի զգալի մասն անցկացնում են գործուղումներում արտերկրում, բնականաբար, դրանք էլ՝ պետության հաշվին: Այսինքն՝ և Հակոբ Արշակյանը, և Ռուբեն Ռուբինյանը, որոնք համապատասխանաբար ապրում են Դավիթաշենում և Շենգավիթում, պետք է ամեն օր աշխատանքի գան Երեւանի Ազգային ժողով և վերադառնան:
Գործուղումների օրերին էլ նրանց վարորդները պետք է իրենց օդանավակայան հասցնեն ու վերադառնան, կանգնեցնեն ավտոմեքենան, մինչև ղեկավարները վերադառնան Հայաստան: Կարծես թե, այդպես չի եղել: Ծառայողական ավտոմեքենաները օգտագործվում են շռայլորեն: Դա է պատճառը, որ 1 տարվա ընթացքում հասցրել են 3600 լիտր բենզին «դուրս գրել»՝ օրենքի տառին համապատասխան, իսկ մի դեպքում՝ 320, մյուս դեպքում 220 լիտր էլ հավելյալ են պահանջել:
Ստացվում է՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ոչ թե բողոքում էր «պադավատապետությունից», այլ այն բանից, թե ով է այդ «պադավատապետության» ղեկին:»: