Search
Close this search box.

«Հրապարակ». Արցախցիներին վարկաբեկելու արշավը շարունակվում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն իր ողջ ներուժով լծվել է հակաարցախյան թշնամանք գեներացնելու, արցախցիների, մանավանդ` բարձր հեղինակություն ունեցողների դեմ տրամադրելու գործին։ Մի քանի օր առաջ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, թե 3 հազար արցախցի է մեկնել Հայաստանից` շեշտելով, որ, հավանաբար, գնացել են «ժամանակ անցկացնելու»: Երեկ էլ իր ընտանեկան թերթով նախ Վիտալի Բալասանյանի դեմ նյութ հրապարակեցին, որ նա դիմել է Արթուր Վանեցյանին` խնդրելով ֆինանսավորել, որ ինքը պայքար սկսի, ապա գրեցին. «Շահրամանյանը եւ ԼՂ մյուս նախկին պաշտոնյաները ստացել են 100 հազար դրամ աջակցությունը»:

Իրեն կարող էին իր ոճով պատասխանել` բա եթե թալան արած լինեին, այդ 100 հազարի վրա թքած կունենային, բայց մի շերտի մոտ փորձեցին տպավորություն ստեղծել, թե Արցախի իշխանավորները պետությունից աջակցություն են ստանում, այնինչ այդ մարդիկ հենց «Հայկական ժամանակի» լուրից էին իմացել, որ իրենց հասանելիք գումարները փոխանցվել են: Ուշագրավ է նաեւ այն, որ Փաշինյանի թերթում Շահրամանյանն ու մյուսները որպես «նախկին» են ներկայացվել, մինչդեռ ԱՀ պետական ինստիտուտները մինչեւ 2024-ի հունվարի 1-ը գործելու են։

Նշենք, որ Սամվել Շահրամանյանը նախօրեին հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը։ Չնայած ԱՀ Հանրայինի ֆեյսբուքյան էջում վերջին ռեպորտաժը տեղադրվել է սեպտեմբերի 24-ին, սակայն նախագահի հետ հարցազրույցը, որը վարել է հայտնի հեռուստալրագրող Ծովինար Բարխուդարյանը, կտեղադրվի ե՛ւ այդ էջում, ե՛ւ Յութուբում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL