Ես չեմ կիսում գնահատականը, որ ավելի ենք սրում հարաբերությունները Ռուսաստանի հետ, նորմալ աշխատանքային գործընթաց է, գործընկերները միմյանց հարցեր ունեն, դիվանագետների միջոցով պարզաբանում ենք այդ հարցերը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները գնալով լարվում են, վերջերս Հայաստանի ժամանակավոր հավատարմատարին են կանչել ՌԴ ԱԳՆ, իսկ դրանից առաջ Հայաստանը ՌԴ դեսպանին էր կանչել ԱԳՆ:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՌԴ ռազմաբազան Հայաստանի տարածքում մնալու մեջ առավելություն չկա, արդյոք դ չի հուշում, որ Հայաստանը փոխում է արտաքին վեկտորը, փոխնախարարը կարճ պատասխանեց. «Ոչ, չի հուշում»:
Դիտարկմանը, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներին՝ եռակողմ գագաթնաժողովի հեռանկարով, եթե Երեւանը տա իր համաձայնությունը, Վահան Կոստանյանն ասաց. «Եթե Հայաստանը համաձայնություն տա, բնականաբար, դրա մասին կտեղեկանաք»: