Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Չատիկյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունվարի 11-ին Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Կարեն Չատիկյանը դանակով հարվածել է Ռաֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով անչափահաս Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վահե Մուրադյանին դիտավորությամբ զրկել է կյանքից:
Ըստ մեղադրանքի՝ գործով տուժողներ Ռաֆի Մարտիրոսյանը, Վահե Մուրադյանը, ինչպես նաև գործով վկա մի քանի երիտասարդներ միասին սովորել են Երևանի Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել են պետհամալսարանի տարբեր ֆակուլտետներ, մասնավորապես՝ Մարտիրոսյանն ու Մուրադյանն ընդունվել են տեղեկատվական անվտանգության ֆակուլտետ, նրանց ընկերները՝ կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի ֆակուլտետներ:
Նրանցից ոմանք մասնակցել են օլիմպիադաների, ստացել են մրցանակներ:
Մասնավորապես՝ Ռաֆի Մարտիրոսյանը հերթական օլիմպիադայում մրցանակ է շահել՝ նրան տրվել է «Բուկինիստ» գրախանութի նվեր-քարտ՝ 10 հազար դրամ գումարով, որով Մարտիրոսյանը կարող էր մասնագիտական և այլ գրականություն գնել:
Երբ նախկին դասընկեր-ներկա ուսանողները հանդիպել են պետհամալսարանում, Մարտիրոսյանը ստացած մրցանակի վերաբերյալ աղջիկներին ասել է, թե նրանց կուրսեցի «դոդիկներին» քարտը կվաճառի 5 հազար դրամով՝ իրենք գրքերը թող վերցնեն, ինձ գումարը տան:
Հիշյալ արտահայտությունը կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում սովորող տղաներից մեկը հայտնել է իր համակուրսեցիներին, որոնցից Կարեն Չատիկյանը առանձնահատուկ վիրավորվել ու ցանկացել է պարզաբանում ստանալ նման արտահայտություն անողից:
Հանդիպումը նշանակվել է Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող բացօթյա տաղավարում 2017 թվականի հունվարի 11-ին, ժամը 14-ի սահմաններում:
Ըստ մեղադրանքի՝ այս հանդիպմանը Կարեն Չատիկյանը գնացել է՝ հետը վերցնելով «թիթեռնիկ» տեսակի դանակ:
Հանդիպման ընթացքում տղաների միջև առաջացել են վեճ ու քաշքշուկ, ապա նրանք սկսել են հարվածել միմյանց, Կարեն Չատիկյանն էլ իր մոտ եղած դանակով մահացու հարվածներ է հասցրել Վահե Մուրադյանին՝ վնասելով նրա սիրտը, թոքը, ու միջին ծանրության վնաս է պատճառել Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը:
Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 113 հոդվածի 1-ին մասերով:
Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:
Դատարան էր ներկայացվել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող Գևորգ Տ.-ն՝ այս գործով կարևոր ականատես վկա:
Վերջինս նախաքննության հենց սկզբում՝ դեպքից ժամեր անց էր բերման ենթարկվել ու կեսգիշերին հարցաքննվել՝ ծնողների հրավիրած փաստաբանի մասնակցությամբ:
Դատարանում վկան ասաց, որ նախաքննության սկզբում տվել է ճշմարտացի ցուցմունք, իրեն չեն ուղղորդել, չեն թելադրել: Այն ժամանակ իրադարձություններն ավելի թարմ էին, ավելի մանրամասն է պատմել:
Դատարանում վկայի ցուցմունքն ավելի հակիրճ էր, պարունակվում էին որոշակի հակասություններ նախաքննական ցուցմունքի հետ: Այդ պատճառով նրա ցուցմունքից հետո հրապարակվեց նաև նախաքննական ցուցմունքը:
Վկան հայտնել է, որ 2017 թվականի հունվարի 11-ին գնացել էր համալսարան՝ գնահատականներ իմանալու: Նստել է միջանցքում, նկատել է, որ համակուրսեցիներ Կարեն Չատիկյանն ու Լևոնը զրուցում են: Մոտեցել, հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Կարենը ներկայացրել է, որ համակուրսեցի Հասմիկի ծանոթը իրենց կուրսի տղաներին անվանել է «դոդիկ», և ինքը ցանկանում է պարզաբանում ստանալ՝ ո՞վ է այդ արտահայտությունն անող տղան, ինչի՞ համար է այդպես ասել:
Կարենը կանչել է համակուրսեցի Հասմիկին ու Լիլիթին, ասել է. «Էս ի՞նչ եմ լսում, ձեր ծանոթները ձեր ներկայությամբ ձեր կուրսի տղերքին «դոդիկ» է ասում, դուք բան չե՞ք ասում»:
Հասմիկը սկզբում ասել է, թե նման բան չի եղել:
Կարենը պնդել է, որ Լևոնը ներկա եղել, ու նա է ասել:
Աղջիկներն ասել են, թե իրենց կուրսում «դոդիկներ» չկան, դրա համար իրենք բան չեն ասել:
Կարենը հարցրել է «դոդիկ» ասող տղայի հեռախոսահամարը, բայց աղջիկները չեն տվել:
Այդ ժամանակ Կարենը հիշել է, որ իր մոտ կա «դոդիկ» ասողի կուրսեցի Վահեի հեռախոսահամարը, որոշել է զանգել նրան ու իմանալ: Վկա Գևորգը նշել է, որ իմացել է՝ «Բոյով Վահեի» մասին էր խոսքը:
Վերջինիս հետ Կարենը մի քանի անգամ հեռախոսով խոսել, ապա համակուրսեցի տղաներին ասել է, թե հանդիպումը տեղի կունենա «Գնունիում»: Կարենի հետ հանդիպման են գնացել վկան՝ Գևորգը, Քաջիկը, Լևոնը, Էդգարն ու Էդուարդը:
Նախաքննական ցուցմունքում նշված էր, թե այս «կազմն» ընտրել է Կարենը՝ ասելով, թե համակուրսեցիներից ովքեր են գնալու իր հետ պարզաբանման:
Դատարանում վկան ասաց՝ երևի սխալ եմ ձևակերպել, Կարենը չի ասել՝ ովքեր գնան իր հետ: Ըստ վկայի՝ Կարենը նույնիսկ ասել է, թե մենակ կգնա պարզաբանման, բայց ինքը՝ Գևորգը, պնդել է, թե ինքն էլ է գնում նրա հետ:
Վկան ասաց, թե չէր կարծում՝ վեճ ու կռիվ կլինի, մտածել է՝ իրար հետ կխոսեն ու կգնան տներով…
Նախաքննական ցուցմունքում վկա Գևորգ Տ.-ն նշել էր. «Համալսարանից դուրս գալով և նրան՝ Կարենին ճանաչելով, հարցրի՝ մոտդ բան կա՞…
Վկան նկատի է ունեցել դանակը, որը Կարենի մոտ տեսել էր դեպքից մի քանի օր առաջ: Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր՝ Մտավախություն ունեի, որ դանակը կօգտագործի: Ասի՝ տուր ինձ: Կարենը դանակը չտվեց…
Վկան ասաց, թե այդ խոսակցության ժամանակ Կարենը դանակ ցույց չի տվել, միայն իր հարցին պատասխանել է, թե մոտը դանակ կա:
Վկան նշեց՝ եթե իմանար, որ կռիվ կլինի, ինքը չէր գնա, քանի որ չի սիրում, որ կռվի դանակով են գնում…
Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր՝ Կարեն Չատիկյանը «Արևիկ» սուպերմարկետի մոտ Լևոնին, Էդգարին ու Էդուարդին պատվիրել է սպասել, հանդիպման գնացել է իր ու Քաջիկի հետ:
«Դալանում» նրանց դիմավորել են Վահեն ու նրա ընկեր Անրին: Գնացել են այն «բեսեդկան», որտեղ պիտի խոսեին: Մոտ տասը-տասնհինգ րոպե սպասել են «դոդիկ» արտահայտությունն արած Ռաֆիին: Վերջինիս գալուց հետո նստել են «բեսեդկայում»՝ մուտքից դեպի ձախ՝ իրենք, իսկ դեպի աջ՝ տուժողներն ու նրանց ընկերները:
Կարենը Ռաֆիին հարցրել է՝ դո՞ւ ես ասել: Ռաֆին պատասխանել է՝ հա, բայց ինքը կոնկրետ ոչ մեկին նկատի չի ունեցել, որովհետև այդ կուրսից ոչ մեկին չի ճանաչում:
Կարենն էլ ասել է՝ բա որ չես ճանաչել, ո՞նց ես ասել «դոդիկ»:
Անրին Կարենից պահանջել է տոնը չբարձրացնել:
Կարենն ասել է՝ իմ տոնը սենց ա:
Հետո Կարենն է Անրիին հարցրել՝ իմ ասածի մեջ սխալ բա՞ն ես տեսնում:
Անրին պատասխանել է՝ հա, դու սխալ բան ես անում…
Այս խոսքերից հետո Անրին ու Վահեն ոտքի են կանգնել, նրանց բռունցքները «շարժվել են» միմյանց ուղղությամբ: Սակայն հարված հասցրե՞լ են միմյանց, թե՞ ոչ՝ վկա Գևորգը չի տեսել, քանի որ այդ ժամանակ հակառակորդներից՝ Սարգիսը նրան հարվածել է մեկ-երկու անգամ, ապա հրելով դուրս է հանել «բեսեդկայից»: Այդ ընթացքում, ըստ վկայի, ինքը թիկունքով էր դեպի «բեսեդկայի» ներսը ու չի տեսել՝ ով ում հետ է կռվել: Իրենց ընկեր Քաջիկն էլ էր դուրս եկել «բեսեդկայից»: Այնտեղ մնացել էր Կարենը…
Վկան նշել է, որ մի պահ հետ է շրջվել ու տեսել է, որ Կարենը կռացած է դեպի առաջ՝ սեղանի մակարդակին էր համարյա: Վահեն ու Ռաֆին կանգնած էին նրա մոտ՝ վերջիններս հարվածե՞լ են Կարենին, թե՞ ոչ՝ վկան ասաց, թե չի տեսել: Բայց նկատել է, որ Ռաֆին ու Վահեն բռնել են Կարենի ձեռքը: Վկան այնպիսի տպավորություն է ստացել, թե նրանք ցանկանում էին ինչ-որ բան վերցնել Կարենի ձեռքից… Մի տղամարդ է անցել այդ պահին ու գոռացել է, որ դադարեցնեն: Բայց տղաները չեն դադարեցրել: Հետո վկան տեսել է, որ Կարենը դուրս վազեց «բեսեդկայից» ու սկսեց փախչել: Ինքն էլ վազել է նրա հետևից: Վազելու ընթացքում հետ է նայել, տեսել է, որ Վահեն դուրս է եկել «բեսեդկայից»՝ ձախ կուրծքը բռնած, նա կռացել է… Վկան հասկացել է, որ մի բան կատարվել է: Վազելիս նա Կարենին հարցրել է՝ ի՞նչ ես արել: Կարենը վազելու ընթացքում ասել է՝ դանակով…
Գևորգը Կարենի մյուս բառերը չի լսել, բայց հասկացել է, որ նա դանակով խփել է: Քանի որ տեսել է Վահեին՝ ձախ կուրծքը բռնած ու կռանալու պահին, ենթադրել է, որ Կարենը դանակով հարվածել է Վահեին:
Կարենը նստել է պատահական տաքսի ու հեռացել է: Ինքը զանգել է նրա հեռախոսին, հարցրել է՝ խփե՞լ ես: Կարենն ասել է՝ հա: Գևորգը զայրացել ու անջատել է հեռախոսը: Ավելի ուշ նորից է զանգել: Կարենն ասել է, թե Վահեի ոտքին է խփել թեթև, «ամեն ինչ նորմալ ա…»:
Նախաքննական ցուցմունքի վերջում վկան ավելացրել էր, որ դեպքից առաջ տեսել էր Կարենի մոտի դանակը: Վկան նկարագրել էր դանակը՝ արծաթագույն, երկու կողմերից բացվող, «բաբոչկա» տեսակի…
Դատարանում վկան ասաց, թե ինքը դանակների տեսակները չի տարբերում: Ինքը նկարագրել է, քննիչն ասել է, որ նկարագրվածը «բաբոչկա» տեսակի դանակն է…
Դատարանում վկան ասաց, թե ինքը չէր կարող Կարենին «թույլատրել կամ չթույլատրել» դանակով գնալ պարզաբանման: Բայց ինքը խորհրդի կարգով ասել է՝ մոտդ մի պահի…
Վկան նշեց, որ արդեն ութ ամիս զինվորական ծառայության մեջ է, դեպքի մանրամասներից որոշ բաներ արդեն չի հիշում:
Վկան պնդեց, որ Կարենը կուրսի տղաների նկատմամբ գերիշխանություն չի ունեցել: Ինքն իր կամքով է գնացել նրա հետ:
Վկան նշեց, թե չի տեսել, որ Վահեն կամ Ռաֆին Կարենի վիզը բռնած-սեղմելիս լինեին: Ինքը չի տեսել նաև, որ նրանք հարվածեին Կարենին: Վահեն Կարենից բարձրահասակ էր, ըստ վկայի՝ «մոտ երկու սանտիմով…»:
Պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին՝ Վահեն ի՞նչ էր արել Կարենին, որ նա դանակով ուղիղ հարվածեր նրա սրտին, վկան պատասխանեց՝ Եթե ծեծում են մարդուն, ամեն ինչ անում ա, որ ազատվի…
Դատարանում վկան ասաց, թե Կարեն Չատիկյանին ճանաչել է մոտ վեց ամիս, իր կարծիքով՝ նա կռվարար չէր…
Դատական նախորդ նիստին տուժողի իրավահաջորդը հայցադիմում էր ներկայացրել՝ Կարեն Չատիկյանից, որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում, պահանջելով 4 միլիոն դրամ:
Այս նիստում դատարանը տուժողի իրավահաջորդին ճանաչեց որպես քաղաքացիական հայցվոր, իսկ ամբաստանյալին՝ քաղաքացիական պատասխանող:
Դատական հաջորդ նիստում դատարանը կանցնի գործում առկա փաստաթղթերի ու այլ ապացույցների հետազոտմանը: Այնուհետև հերթը կհասնի ամբաստանյալի հարցաքննությանը, եթե ամբաստանյալը ցանկանա դատարանում ցուցմունք տալ:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 15-ին: