Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ակնկալում է տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչ նկատի ուներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին»։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է ՏԱՍՍ-ը։
«Այս դեպքում մենք հակված չենք The Wall Street Journal-ն ընդունել որպես սկզբնաղբյուր, ուստի պետք է դեռ հասկանալ, թե ինչի մասին է խոսել պարոն Փաշինյանը։ Եվ իհարկե, մենք մեր հայ բարեկամների հետ խոսակցությունում ակնկալում ենք ստանալ ամբողջ տեղեկատվությունն այս հաշվով։ Եվ իհարկե, Ռուսաստանին եւ Հայաստանին հարիր չէ շփվել թերթերի, մանավանդ Wall Street Journal-ի միջոցով։ Ուստի մենք շարունակում ենք խոսակցությունը, երկխոսությունը մեր հայ բարեկամների հետ, եւ կշարունակենք անել դա, մենք շատ լայն օրակարգ ունենք»,- նշել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նաեւ ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակում է ջանքերը, «փորձերը՝ օգնելու Բաքվին եւ Երեւանին այնուամենայնիվ հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը»։
«Դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ ավելի դրական կենսամակարդակի դուրս գալու համար»,- ամփոփել է նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ The Wall Street Journal թերթի հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները եւ ՀԱՊԿ անգործությունն «ըստ էության, հանգեցրին մեզ այն որոշմանը, որ մեզ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել մեր հարաբերություններն անվտանգության ոլորտում»։
Փաշինյանը թերթի հարցազրույցում նաեւ նշել էր, որ Երեւանը հարցականի տակ չի դնում ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը Հայաստանից եւ փորձում է «հասկանալ, թե որն է ՌԴ եւ ՀԱՊԿ նման պահվածքի պատճառը աշխատանքային հանդիպումների եւ այլ ձեւաչափերի շրջանակում»։ Հայաստանի վարչապետը ավելացրել էր, որ հանրապետությունը մնում է ՀԱՊԿ-ում, «որովհետեւ այժմ կողմերը գտնվում են դիրքորոշումների ընկալման հարցերի քննարկման փուլում», չեն ցանկանում «սխալվել միմյանց հասկանալու հարցում»։