Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապի վերաբերյալ առանձին վերցրած օրակարգ գոյություն չունի. Նման օրակարգ գոյություն ունի տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում, երբ պետք է բոլոր կոմունիկացիաները բացվեն: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ առկա համաձայնություններով նախատեսվում է, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն կառավարի Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ երթեւեկությունը, Փաշինյանն ասաց. «Որեւէ տեղ գրված չէ, որ ՌԴ որեւէ մարմին Հայաստանի որեւէ տարածքի վրա պետք է ունենա վերահսկողություն: Որեւէ տեղ գրված չէ, որ ՀՀ-ն համաձայն է կամ նախատեսված է ՀՀ որեւէ սուվերեն իրավունքի կրճատում կամ սահմանափակում: Որեւէ տեղ գրված չէ, որ ՀՀ պետական ինստիտուտների վերապահվող որեւէ գործառույթ պետք է պատվիրակվի որեւէ այլ մեկի: Որեւէ տեղ գրված չէ, եւ նախատեսված չէ, որ Հայաստանի տարածքում ինչ-որ ուրիշ մեկը պետք է ապահովի անվտանգություն: Այդպիսի բան գրված չի եղել»:
Նրա խոսքով, ԼՂ-ում ՌԴ խաղաղապահի զորախմբի ձախողումից հետո շատ հարցեր են առաջանում եւ այդ հարցերը լեգիտիմ են: Ձախողում ասելով նկատի ունեմ, որ փաստ է, որ ՌԴ խաղաղապահի զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը: Մյուս կողմից Հայաստանի որեւէ սուվերեն իրավունքի սահմանափակման մասին որեւէ տեղ երբեւէ խոսք չի եղել եւ չի կարող լինել:
Բայց մյուս կողմից ուզում եմ ասել, որ ինչպես պայմանավորվել ենք Բրյուսելի վերջին հանդիպման ժամանակ, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության հիման վրա: Արդյոք դրա արդյունքում Ադրբեջանի արեւմտյան շրջանները պետք է Նախիջեւանի հետ կապ ունենան, այդ թվում ՀՀ տարածքով: Այո, իհարկե: Արդյոք ՀՀ-ն այդ նույն ուղիները կարող է օգտագործել իր տարբեր հատվածների միջեւ, օրինակ, երկաթուղային կապ ապահովելու համար: Այո, իհարկե: Արդյոք, Ադրբեջանը այդ պարագայում կարող է օգտագործել Հայաստանի տրանսպորտային ուղիները միջազգային առեւտրի համար: Այո, իհարկե: Արդյոք, Հայաստանը պիտի հնարավորություն ունենա օգտագործել Ադրբեջանի ճանապարհները միջազգային առեւտրի համար: Այո, իհարկե: Արդյոք միջազգային առեւտրի մասնակիցները պիտի հնարավորություն ունենան ՀՀ տարածքով իրենց առեւտուրն իրականացնել Թուրքիայի, Իրանի, Վրաստանի հետ: Այո իհարկե: Մենք այս լուծմանը պատրաստ ենք եւ այդ առաջարկը անվանում ենք «խաղաղության խաչմերուկի» եւ մեր բոլոր գործընկերներին հրավիրում ենք միասին իրականություն դարձնել այդ նախագիծը»,- հայտարարեց Փաշինյանը: