«Հրապարակ» թերթը գրում է. Մինչ քաղաքային իշխանությունները կադրային «ռակիրովկաների» մեջ են, իսկ այսօր հրավիրած ավագանու արտահերթ նիստում պատրաստվում են ընտրել Երեւանի փոխքաղաքապետերին, ընդդիմադիր ուժերը վճռական են տրամադրված՝ որոշել են հարամել Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը։ Ավինյանի երդմնակալությունից հետո մենք գրել էինք, որ երդմնակալության նիստը հրավիրվել է օրենքի խախտումներով` այդ նիստին պետք է մասնակցեր ավագանու կեսից ավելին, որ այն իրավազոր լիներ՝ երդմնակալության արարողությունն անելու, մինչդեռ մասնակցել են միայն ՔՊ եւ «Հանրապետություն» խմբակցությունները, ուստի Տիգրան Ավինյանը չի կարող օրենքով սահմանված կարգով իրականացնել քաղաքապետի լիազորությունները։
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում։ Երեւանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ի նիստին երեք խմբակցությունները` «Մայր Հայաստանը», «Ազգային առաջընթացը» եւ «Հանրային ձայնը», չեն մասնակցել, իսկ ՔՊ-ն եւ «Հանրապետությունը» միասին չունեն մեծամասնություն, ուստի չէին կարող քվորում ապահովել։ Մենք հարցում էինք արել ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներին, Նանա Սարգսյանը մեզ պատասխանել էր, որ իրենց խմբակցությունից ոչ ոք չի մասնակցել նիստին, անգամ քաղաքապետարանին մոտ չեն գնացել։
Արդյունքում ստացվում է, որ Երեւանի քաղաքապետը չի ստանձնել իր լիազորությունները, եւ նա չի կարող առաջիկայում հրավիրել ավագանու նիստեր, կատարել օրենքով սահմանված այլ լիազորություններ։ Ուստի ոչ իշխանական խմբակցությունները կարող են գործընթաց սկսել եւ պատասխանատվության ենթարկել ՔՊ-ին ու քաղաքային իշխանություններին, ընդ որում՝ քաղաքականից բացի, նաեւ իրավական պատասխանատվության հարց բարձրացնել։
Մեր հրապարակումից մեկ շաբաթ եւ մեկ օր անց քաղաքական ուժերը տեղից շարժվեցին։ Երեկ «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարեց, որ դիմելու են դատախազություն։ Այս կուսակցությունը, հիշեցնենք, մասնակցել է ավագանու ընտրություններին, սակայն չի հաղթահարել անցողիկ շեմը: Հայտարարության մեջ հիշեցրել են, որ նման իրավիճակ այլ մարզային համայնքներում եւս եղել է, եւ կառավարությունը դադարեցրել է տվյալ համայնքների ավագանու լիազորությունները։ «Նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել նաեւ Թալին եւ Սիսիան համայնքներում։ Մասնավորապես, 2022թ․ մայիսի 13-ին կառավարությունը դադարեցրել է Թալին համայնքի ավագանու լիազորությունները՝ հիմնավորելով երդման արարողության նիստին քվորում չլինելու եւ հետագայում նիստեր չհրավիրելու հանգամանքը։ 2022թ․ դեկտեմբերի 29-ին կառավարությունը որոշում է կայացրել՝ դադարեցնել Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները՝ նաեւ երդման արարողության նիստին քվորում չլինելու հանգամանքով։ Կոչ ենք անում ընդդիմադիր խմբակցություններին՝ չմասնակցել օրենքի ակնհայտ խախտումով հրավիրվող ավագանու նիստերին։
Կուսակցությունը դիմելու է դատախազություն՝ Տիգրան Ավինյանի կողմից լիազորությունների գերազանցման մասով քրեական գործ հարուցելու պահանջով»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ։
Զուգահեռ, երեկ նաեւ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն է գրություն հասցեագրել Տիգրան Ավինյանին՝ պահանջելով իրեն տրամադրել երդմնակալության օրվա նիստի ամբողջական արձանագրությունը: Մինչդեռ, մեր տեղեկություններով, նիստը չի արձանագրվել՝ քվորումի բացակայության պատճառով, այսինքն՝ ՔՊ-ի եւ «Հանրապետության» ավագանու անդամները չեն գրանցվել։
Մինչ «Ապրելու երկիրը» կդիմի դատախազություն, եւ պարզ կդառնա, թե մասնավորապես ինչ հիմքով է դիմումը, մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունը պահանջելու է հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց, իշխանության ներկայացուցիչներին, որոնք պաշտոնական դիրքի չարաշահում են թույլ տվել, դիցուք՝ նիստն իրավազոր չի եղել, բայց խմբակցության ղեկավարը, քարտուղարը չեն զեկուցել այդ մասին, կամ էլ վերադասն իմացել է, բայց աչք է փակել այդ լուրջ փաստի վրա։
Երեւանի ավագանու ՔՊ խմբակցությունից պաշտոնական պարզաբանում չհաջողվեց ստանալ, սակայն մեր աղբյուրները վստահ են, որ ընդդիմադիրների սկսած գործընթացը լուրջ հետեւանքներ չի ունենա, քանի որ խնդրի հետ կապված՝ հանրային մեծ հնչեղություն չկա, ուստի կանցնի-կգնա։ Իսկ եթե աղմուկ բարձրանա, ապա օրենքում համապատասխան փոփոխություններ կիրականացվեն` նոր նիստ կհայտարարվի, եւ նոր գործընթացով Ավինյանը կստանձնի լիազորությունները։
Այս պահին կրկին կարեւորվում է «Հանրային ձայն» կուսակցության պահվածքը: